Երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե մեզ շրջապատող աշխարհում ո՞րն է ամենատարածված գույնը․․․Իսկ ամենից քիչ հանդիպող գույնը ո՞րն է․․․Ի՞նչ են ասում մեզ բնության գույները, ի՞նչ նպատակ ունեն դրանք։ Այո՛, այո՛, մի՛ զարմացեք, հենց նպատա՛կ։ «Բնության մեջ ամե՛ն ինչ ունի իր նպատակն ու արդյունքը։ Գույները՝ նույնպես», – ասում է «Հերացի» ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռուբինա Հարությունյանը և սկսում զրույցը գույների, դրանք տեսնելու և տարբերակելու մեխանիզմի, բնության մեջ գույների տարածվածության և գունախաղի մասին։
Ռ․ Հարությունյան – Բնության մեջ ամենաքիչ հանդիպող գույնը կապույտն է, երկնագույնը և դրանց երանգները։ Պարզվում է, որ բնության մեջ օրգանիզմների միայն 10% է կարողանում արտադրել կամ ունենալ այդ գույնը։ Ո՞րն է կապույտի առեղծվածը։
Բանն այն է, որ մենք տեսնում ենք մեզ շրջապատող աշխարհը, առարկաները, օրգանիզմները, նրանց ծածկույթը, փետուրները, մաշկը այն գույնի, որով որ տվյալ պիգմենտն արտացոլում է տեսանելի լույսի ճառագայթները։ Որպեսզի կենդանին իր ծածկույթներում կամ թիթեռը իր թեփուկներում ունենա կապույտ գույն, պետք է լինի կապույտ գույնն արտացոլող գունակ։ Ըստ քիմիական կառուցվածքի կապույտ ճառագայթի ալիքների արտացոլումը բավականին բարդ է, և այդ պատճառով օրգանիզմների միայն որոշակի տեսակներն են կարողանում իրենց «ճոխություն» թույլ տալ և ունենալ կապույտի երանգներ։
Այս առումով արյան գույնն էլ է հետաքրքիր։ Մարդկանց, կաթնասունների, ողնաշարավորների մեծ մասը, ինչպես գիտենք, ունեն արյան կարմիր գույն, ինչը պայմանավորված է արյան մեջ գտնվող հեմոգլոբինով։ Հեմոգլոբինը պարունակում է երկաթ, որն էլ արյանը տալիս է կարմիր, հագեցած կարմիր կամ ավելի նոսր կարմիր երանգները։ Սակայն կան անողնաշարավորներ, որոնք կարող են արյան կապույտ գույն ունենալ, քանի որ նրանց արյան մեջ գտնվող գունակը ոչ թե երկաթ, այլ պղինձ է պարունակում, ինչի պատճառով էլ նրանց արյունն ստանում է այդպիսի երանգավորում։
Կապույտն ամենաքիչ տարածված գույնն է բնության մեջ, իսկ կարո՞ղ եք ասել, թե ո՞րն է ամենատարածված գույնը․․․
Շարունակությունը՝ զրույցում։