Հայաստանում սեպտեմբերի 1-ին սկսվում է նոր ուսումնական տարին։ Մենք մոռանում ենք ամառային ազատ ու թեթև հագուստի մասին ու համազգեստով, տոնական տրամադրությամբ հավաքվում ենք դպրոցի բակում։ Ինչպես ասում են՝ տոնը պետք է նշել հավուր պատշաճի։
Մինչդեռ, որոշ երկրներում, սեպտեմբերի 1-ն ամենևին էլ տոնական օր չէ։ Մեր փոքրիկ ճամփորդությամբ՝ կպարզենք, թե երբ են սկսում դասերն այլ երկրներում։
Մեծ Բրիտանիայում ուսումնական տարին սովորաբար սկսվում է սեպտեմբերի 1-ից, բայց մեկնարկի ամսաթիվ կարող է սահմանվել օգոստոսի 30-ից 31-ը կամ սեպտեմբերի 3-ից 4-ը։
Գերմանիայում ուսումնական տարին սկսվում է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ Ավագ դասարաններում սովորողները տոնական համերգ են կազմակերպում առաջին դասարանցիների համար, երեխաները ծաղիկներ ու նվերներ են ստանում, ընդ որում՝ բոլոր առաջին դասարանցիներին պարտադիր նվիրում են դպրոցական պայուսակ։
Տեղափոխվենք Ճապոնիա՝ Ծագող Արևի երկիր, որտեղ ուսումնական տարին, սովորաբար, սկսվում է ապրիլին։ Երեխաներն ապրիլի 1-ին գնում են ուսուցիչների հետ հանդիպման, իսկ մեկ շաբաթից՝ բոլոր դպրոցներում սկսվում են դասերը։ Ի դեպ, այդ ժամանակ Ճապոնիայում ծաղկում են ծառերը։Պատկերացրի՞ք, թե ինչ հրաշալի ժամանակահատված է՝ բնության զարթոնք և նոր ուսումնական տարի․․․
Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր վարչական շրջան սահմանում է ուսումնական տարվա իր մեկնարկի ամսաթիվը: Որոշ դպրոցներում դասերն սկսվում են օգոստոսին, մյուսները՝ սեպտեմբերի 1-ից։ Առաջին օրը դասեր չեն լինում, կարելի է ասել, այդ օրը հանդիպումների ու ծանոթության օր է լինում՝ առաջին դասարանցիներն ու նրանց ծնողները գալիս են դպրոց՝ ուսուցիչների ու դասընկերների հետ ծանոթանալու համար։
Դե իսկ Չինաստանում ուսումնական տարին սկսվում է ինչպես մեզ մոտ՝ սեպտեմբերի 1-ից։ Չինաստանում աշակերտներն առաջին դասարան են գնում 6 տարեկանից։ Նրանց ծանրաբեռնվածությունը դպրոցում 2-3 անգամ ավելի շատ է, իսկ տարվա ընթացքում հանգստանում են ընդամենը 2 անգամ՝ չինական Ամանորին և ամռանը՝ հուլիսի 15-ից սեպտեմբերի 1-ը։ Նման կրթական համակարգը, սակայն, տալիս է իր պտուղները. Շանհայի դպրոցականների գրանցած արդյունքներն ամենաբարձրն են աշխարհում։
Գուցե զարմանալի թվա, բայց Նիդերլանդներում երեխան դպրոց է գնում 4 տարեկան դառնալուն պես։ Իսկ եթե ծննդյան օրը համընկնում է արձակուրդների հետ, ապա՝ ուսուցիչը երեխայի համար ճանաչողական այց է կազմակերպում դպրոցում։ Արձակուրդներից հետո փոքրիկ դպրոցականը միանում է իր հասակակիցներին: Այստեղ՝ առաջին դասարանցիների համար, դպրոցը նման է մանկապարտեզի, քանի որ երեխաներն ավելի շատ խաղում են ու նկարում՝ իհարկե ուսուցչի օգնությամբ։ Դասերն սկսվում են օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին: Որոշ դպրոցներում ուսումնական տարվա առաջին օրը աշակերտներին անվճար պաղպաղակ են նվիրում։ Այսպիսի գեղեցիկ ավանդույթ էլ կա:
Եվ վերջում կանգ առնենք Աֆրիկայում: Հարավային Աֆրիկայում երեխաները դպրոց են հաճախում 5,5-6 տարեկանից: Ուսումնական առաջին օրն սկսվում է հունվարի երկրորդ կամ երրորդ չորեքշաբթի օրը: Հարավային Աֆրիկայում կա 4 պաշտոնական լեզու, բայց ուսուցումն իրականացվում է անգլերեն և ֆլամանդերեն։ ուսումնական տարվա առաջին օրն ամենևին էլ տոնական չի լինում, չկան ծաղիկներ ու գույնզգույն փուչիկներ։ Ու, չնայած դրան, երեխաներն արագ հունի մեջ են ընկնում ու հաճույքով գնում դպրոց։