«Ուրախ Ռոջեր» կոչվող ամենևին ոչ ուրախ դրոշի պատմությունը

Ծովահենների մասին պատմություններ կարդալ և ֆիլմեր դիտել սիրում ենք շատերս։ Եվ չնայած ծովահենները ծովային ավազակներ էին և ոչ մի լավ բան չկար նրանց գործում, արկածային վեպերի և կինեմատոգրաֆիայի շնորհիվ նրանց կյանքն ու կերպարները երբեմն շա՜տ հետաքրքիր են թվում։ Եվ, իհարկե, անկախ նրանից՝ ձե՛զ հետաքրքրում են ծովի ավազակների մասին պատմությունները, թե ոչ, եթե հարցնենք՝ ի՞նչ տեսք ունի ծովահենների դրոշը, բոլորդ կպատասխանեք՝ սև կտոր է, վրան գանգ ու խաչաձև ոսկորներ․․․Շատերդ էլ, գուցե նաև իմանաք, որ այն անուն ունի և կոչվում է Ուրախ Ռոջեր։
Պարզվում է, որ այդպիսի դրոշ ծովահեններից և ոչ մեկը ի սկզբանե չի էլ ունեցել, և ծովահենային նավերի վրա ծածանվել են գանգի ու ոսկրերի հետ ամենևին կապ չունեցող դրոշներ․ օրինակ՝ կենդանիների պատկերներով, այն էլ՝ շատ անվնաս կենդանիների, ասենք՝ գառնուկի նկարով, կամ ծովային կենդանիների նկարներով կամ՝ ա՛յն երկրի դրոշն է ծածանվել նավի վրա, որին ծառայել է տվյալ ծովահենը։ Այո, մի՛ զարմացեք․ չէ՞ որ շատ հաճախ ծովահենները հենց որևէ տերության էին ծառայում։
Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե այդ սարսափելի դրո՛շը ծածանվեր նավի վրա․ չէ՞ որ այն կնկատվեր հեռվից և հարձակման ենթարկվող նավերից շատերը պարզապես կխուսափեին ծովահենների հետ հանդիպումից։ Իսկ ծովահեններն անխելք մարդիկ չէին, և սա իհարկե հաշվի էին առել։
«Ուրախ Ռոջեր» կոչվող այս ամենևին ոչ ուրախ դրոշի հեղինակը մի նկարիչ էր, որին հանձնարարվել էր նկարազարդել ծովի ավազակների մասին պատմող գրքերից մեկը։ Սակայն շատ ավելի ուշ որոշ ծովահենների դուր եկավ այս դրոշը և նրանք սկսեցին այն օգտագործել պարզապես որպես տարբերանշան, բայց՝ ոչ անընդհատ և ամեն պահի վեր բարձրացնելով իրենց նավերի վրա։