Այս հայտնի խաղը, որտեղ գրաֆիտի նկարող պատանիները փախչում են ոստիկանից ու իր շնից, հաղթահարում բազում խոչընդոտներ, սիրված է ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Այն խաղացողից պահանջում է ճկունություն ու կայծակնային ռեակցիա։ Պետք է չընկնես ընթացքող գնացքների տակ, չհարվածես տարատեսակ պարագաների, որոնք թափթփված են երկաթգծի ամբողջ ճանապարհին։ Խոչընդոտները հաղթահարելու համար խաղացողներին օգնում են սքեյթբորդն ու տարբեր շատ ու շատ բոնուսներ։ Վազող կերպարը կարող է բարձր ցատկել ու անգամ թռչել։
Խաղը ստեղծվել է դանիական Kiloo և SYBO Games ընկերությունների համագործակցության արդյունքում և թողարկվել է 2012 թվականի մայիսի 24-ին։ Այն արդեն ունի 4 միլիարդից ավելի ներբեռնում։ Runner ժանրի անվերջանալի այս խաղը նմանություն ունի ավելի վաղ ստեղծված Temple Run խաղի հետ։
Խաղը երբեք չի ձանձրացնում։ Այն պայմանավորված է Subway surfers-ի գլխավոր առանձնահատկությամբ՝ համաշխարհային շրջագայությամբ։ Սկսած 2015 թվականից յուրաքանչյուր 3 շաբաթը մեկ խաղում ավտոմատ փոխվում է այն քաղաքը, միջավայրը, որտեղ խաղում եք։ Ընկերության աշխատակիցներն անձամբ 50-ից ավելի քաղաքներ են այցելել Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում, եղել են նույնիսկ Անտարկտիդայում, որպեսզի կառուցեն խաղի դիզայնը։
Խաղն ունի նաև գլխավոր կերպարի ընտրության մեծ հնարավորություն։ Որոշ դեպքերում կարող եք խաղալ համապատասխան բոնուսներ ու միավորներ կուտակելուց հետո, որոշներն էլ հասանելի են միայն համապատասխան տեղանքում։
Խաղի ստեղծման պատմության մասին համացանցում, տարիներ առաջ, տարածվել էր կեղծ տեղեկություն, որը սակայն մինչ օրս էլ քննարկվում է օգտատերերի առօրյա խոսակցությունների ժամանակ։
Twitter-ում օգտատերերից մեկը գրառում էր արել, որ իբր խաղը ստեղծվել է ի հիշատակ հեղինակի մահացած տղայի։ Ըստ այդ գրառման, խաղը ստեղծողի տղան զոհվել էր գնացքների համար նախատեսված տեղով սքեյթբորդ քշելու արդյունքում տեղի ունեցած դժբախտ պատահարից։
Խաղը թողարկած ընկերությունը հերքեց այս լուրը և թվիթը հեռացվեց։ 2018 թվականին SYBO Games ընկերության գործադիր տնօրեն Մաթիաս Գրեդալ Նորվիգը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ ընկերության երկու հիմնադիրները միասին ընդունվել են անիմացիայի դպրոց ու գտնելով ընդհանրություններ որոշել են միասին աշխատել։ Խաղը ոգեշնչված է իրենց սիրուց դեպի սթրիտ արտը, սքեյթբորդինգը, երաժշտությունն ու փողոցային արվեստի ոճային այլ էլեմենտները։ «Մենք Subway surfers-ը ստեղծել ենք որպես փողոցի մշակույթի և բազմազանության հանդեպ հարգանքի դրսևորում» — նշել է Նոդվիգը։