Այսօր՝ օգոստոսի 30-ին, նշվում է կետային շնաձկների միջազգային օրը։ Եկեք միասին բացահայտենք այս հսկա ջրային էակների վարքն ու բնավորությունը։
Զարմանալի չէ՞, որ տարվա մեջ՝ մեկ ամբողջ օր նվիրվում է կետային շնաձկներին։
Իհարկե՝ ոչ, եթե այն նպատակ ունի մարդկանց ուշադրությունը սևեռելու այս կենդանիների կարևորությանն ու այն տխուր փաստին, որ նրանց տեսակն այսօր վտանգված է ու կանգնած՝ ոչնչացման եզրին։
Ամեն տարի՝ օգոստոսի 30-ին, բնապահպանական կազմակերպությունները տարբեր միջոցառումներ և արշավներ են կազմակերպում՝ նվիրված կետային շնաձկներին ու նրանց զարգացման խնդիրներին։
Շնաձկներին պատկանող տեսակների մեջ կետային շնաձուկն ամենամեծն է։ Մարմնի երկարությունը 12, իսկ երբերմն էլ 18 մետրի է հասնում, քաշը՝ 21 տոննա է։ Ու, չնայած իր հսկա չափերին, նա վտանգավոր չէ մարդկանց համար։
Բնավորությամբ հանգիստ է, լողում է դանդաղ ու սնվում միայն մանր ձկներով։ Բնակավայրը՝ Համաշխարհային օվկիանոսի արևադարձային ջրերն են։
Թեև կետային շնաձկները դանդաղ են լողում, բայց հաղթահարում են շատ երկար տարածություններ։ Մեկ կետային շնաձուկը, երեք տարում, կարող է կտրել-անցնել 12․874 կմ և նույնիսկ ավելի երկար տարածք:
Փորձեք գուշակել, թե քանի՞ ատամ ունեն այս բարի հսկաները․.․ գուցե անհավանական թվա մեր ասածը, բայց նրանք ծամում են 5․000 ատամով, որոնցից 3․000-ը՝ փոքր ատամներ են, որոնց երկարությունը 2․5 սմ-ից էլ պակաս է։
Բայց դրանց շնորհիվ էլ կետային շնաձկներն ավելի հեշտ են սնվում մանր ձկներով։
Այս արարածները զարմանալիորեն երկար են ապրում՝ 70-ից 100 տարի։ Իրականում՝ ոչ բոլոր կետային շնաձկներն են գոյատևում մինչև հասուն տարիք․ երբ նրանք ծնվում են, մայրը թողնում է, որ ինքնուրույն մեծանան և հոգ տանեն իրենց մասին։ Արդյունքում՝ կետային շնաձկների միայն 10%-ն է հաղթահարում փորձաշրջանն ու գոյատևում մինչև հասուն տարիք:
Ցավոք, Բնության պահպանության միջազգային միությունը հայտարարել է, որ կետային շնաձկների համաշխարհային պոպուլյացիան վտանգի տակ է անհետացման եզրին։ Կենդանիներին սպառնացող հիմնական վտանգը ձկնորսությունն է, քանի որ նրանց լողակները, յուղը և կաշին մեծ պահանջարկ ունեն աշխարհում։
Ահա, թե ինչու է օրացույցում առանձին օր նվիրվում ջրային աշխարհի այս տեսակին։