Մեր հյուրը ֆիզմաթ գիտությունների դոկտոր, «Քառակուսի» կրթական հիմնադրամի տնօրեն Սմբատ Գոգյանն է։ Զրույցը նոր ուսումնական տարում հանրակրթական դպրոցներ մուտք գործած 5–րդցիների «Մաթեմատիկա» և 7–րդցիների «Հանրահաշիվ» դասագրքերի մասին է, որոնց համահեղինակներից է պարոն Գոգյանը։ Դասագրքերը միանշանակ չեն ընդունվել շատ ուսուցիչների կողմից, բայց, կարծում ենք, միշտ օգտակար է լսել հեղինակներին և նրանց հետ պարզել շատ հարցեր։
Ս․ Գոգյան – Այս պահի դրությամբ ես կարծում եմ, որ ուսուցիչներին դժվար կարող է լինել այդ դասագրքերին ադապտացվելը, որովհետև տասնյակ տարիներ Նիկոլսկու տեխնիկական վարժություններով հագեցած դասագրքով անցնելուց հետո նրանց համար մի քիչ անսովոր կլինի այս զրուցային, առաջին հայացքից ոչ այդքան հստակ մաթեմատիկան։ Մի օրինակ բերեմ, որի մասին 5–րդ դասարանի ուսուցիչները շատ են ինձ գրում ֆեյսբուքով։ Այսպիսի մի խնդիր կա այն մասին, որ Զավենն իջնում է այգի զբոսնելու, գնում է այս ժամին, քայլում այսքան րոպե, վերադառնում այսքան րոպեում։ Այսինքն, աշակերտն ինչ-որ թվաբանություն պետք է անի ժամի, ժամ–րոպե հարաբերակցության հետ կապված։ Խնդրի «գ» կետը հարցնում է, թե ինչով կարող է պայմանավորված լինել այն, որ Զավենն ավելի քիչ ժամանակում տնից իջավ այգի, քան վերադարձավ այգուց տուն։ Իհարկե, կարելի է հարցնել՝ ի՞նչ կապ ունի դա մաթեմատիկայի հետ։ Բայց այստեղ վարկածներ առաջացնելու հմտությունը զարգացնելու մասին է խոսքը։ Երեխաներին, երբ այս հարցը տալիս ես, շատ տարբերակներ են ասում՝ ճանապարհին խանութ մտավ, ընկերոջը տեսավ, կանգնեց զրուցելու, վերելք էր և լիքը այլ տարբերակներ են ասում, և սա մեր ուսուցիչների համար խորթ կարող է լինել։
Հարց – Բայց շատ բնական է, որ Ձեր ասած Նիկոլսկու դասագրքին սովոր ուսուցիչը հարցնի՝ ի՞նչ գործ ունի այստեղ մաթեմատիկան։
Ս․ Գոգյան – Բնականաբար հարցնում են, բայց այն վերապատրաստումների իմաստը, որոնք նախարարությունը նախաձեռնում է, հենց այն է, որ ուսուցիչները գիտելիքահեն կրթությունից կարողանան անցնել կարողունակությունների վրա հիմնված կրթության, որը ենթադրում է բազմաթիվ միջառարկայական կապեր, առօրյա կյանքի հետ առնչվող իրավիճակներ։ Մենք դասագրքում փորձում ենք ամեն ինչ բերել հենց առօրյա իրավիճակին, որպեսզի մաթեմատիկայի նկատմամբ պոզիտիվ էներգիա տանք երեխաներին, բայց որոշ ուսուցիչների համար սա առաջին հայացքից խրթին է թվում, թվում է, թե անլրջացնում ենք մաթեմատիկան։ Բայց ես, գիտությունների դոկտոր լինելով, ի՛նքս երբեք թույլ չեմ տա, որ ինչ–որ մեկը ծաղրի մաթեմատիկան։ Մաթեմատիկան կենսուրախ առարկա է, գիտություն է, և մենք այդ գեղեցկությունն ենք փորձում ցույց տալ մեր դասագրքերում։
Հարց – Սիրով բնութագրեցիք մաթեմատիկան, բայց դպրոցում աշխատում եք, և կարծում եմ գիտեք, որ երեխաները մաթեմատիկայից մի քիչ վախենում են։ Ինչու՞ են վախենում։
Ս․ Գոգյան – Երեխաները վախ հասկացությունն առանձնապես չգիտեն, մինչև նրանց վախենալ չսովորեցնես։ Իսկ ինչու՞ են նրանք վախենում մաթեմատիկայից, որովհետև սկսում են չհասկանալ, և այն սիմվոլների շարանը, որը գալիս և տարեցտարի ավելանում է, նրանց համար դառնում է անընկալելի։
Իսկ ի՞նչ ենք անում մենք․ փորձում ենք իրական իրավիճակներում ցույց տալ, թե այդ ամբողջն ինչի՞ համար է պիտանի․․․