Լուրեր

«Հանճարը, որը դպրոց չգնաց»

Ի՞նչ կլինի, եթե երեխան դպրոց չգնա։ Այս հարցի պատասխանը միանշանակ է․ ոչ մի լավ բան։ Ընդհանրապես, այո, այդպես է, բայց ոչ այն տղայի համար, որը ծնվել էր 1847 թվականին ԱՄՆ Օհայո նահանգի Մայլեն քաղաքում։ Եվ այսպես՝ հանճարը, որը դպրոց չգնաց․․․

Մի տղա դպրոց չէր գնում։ Մայրիկը նրան դպրոցից հանեց հենց առաջին դասարանում՝ պարապմունքներն սկսվելուց երկու ամիս անց։ Մի անգամ ուսուցչի շատ պարզ հարցին՝ մեկին գումարած մեկ ինչ կստացվի, տղան պատասխանեց՝ մեկ։ Եվ բացատրեց, թե ինչպես։ Եթե մեկ բաժակ ջրին մեկ բաժակ էլ ավելացնեն, կստացվի մեկ բաժակ ջուր, բայց՝ ավելի մեծ բաժակ։

«Դանդալոշ»,–անվանեց նրան ուսուցիչը, չնայած հավանաբար պետք է իմանար, որ ուսուցիչները վատ բառեր չպետք է ասեն աշակերտներին։ Ուսուցիչը նաև մի նամակ տվեց տղային, որ նա փոխանցի մորը։ Երբ տղան նամակը հանձնեց մայրիկին, մոր աչքերից արցունքներ հոսեցին։ Իր հուզմունքը կինը բացատրեց այսպես․ գիտե՞ս` ինչ է գրված նամակում, տղաս։ Գրված է․ «Ձեր տղան հանճար է։ Այս դպրոցը նրա համար շատ փոքր է, և չկան այնպիսի ուսուցիչներ, որ կարողանան նրան բան սովորեցնել։ Խնդրում ենք, ինքներդ զբաղվեք նրանով»։

Եվ մայրիկն սկսեց զբաղվել տղայի կրթությամբ, բայց՝ ոչ առաջին դասարանի ծրագրով։ Նա որդու համար շատ գրքեր էր կարդում՝ գրքեր գիտության մասին, հայտնագործությունների մասին, խրախուսում էր հետազոտությունների հանդեպ տղայի հետաքրքրությունը։ 10 տարեկանում տղան իրենց տան նկուղում լաբորատորիա ստեղծեց և սկսեց այնտեղ քիմիայի և ֆիզիկայի փորձեր անել։ Հայրն առանձնապես ոգևորված չէր այդ գիտափորձերից, բայց, օրինակ, որդու մեջ պատմության հանդեպ սեր ուզում էր սերմանել։ Եվ խոստացավ պատմության վերաբերյալ ամեն մի կարդացած գրքի համար որդուն մեկ պեննի տալ։ Տղան էլ կարդում էր գրքերը, փող էր կուտակում և դրանցով իր փորձերի համար անհրաժեշտ նյութեր էր գնում։

12 տարեկանում տղան ընդունվեց աշխատանքի․ գնացքներում թերթ ու կոնֆետ էր վաճառում։ Ուղևորությունների ընթացքում ազատ ողջ ժամանակն անցկացնում էր քաղաքային գրադարանում, որովհետև որոշել էր կարդալ այնտեղ պահվող բոլոր գրքերը։

Գնացքներից մեկի բեռնատար վագոնում նա տպագրական մեքենա կառուցեց և դրա վրա տպագրեց աշխարհում առաջին թերթը հատկապես ուղևորների համար։ Նա և՛ նյութերի հեղինակն էր, և՛ տպագրողը, իսկ թերթը ցրողն իր տարեկիցներն էին։

Մի անգամ վագոնում հրդեհ բռնկվեց, և տղային հեռացրին աշխատանքից։ Տխրելու ոչ ժամանակ կար, ոչ էլ ցանկություն։ Տղան սկսեց իր հայտնագործությունների շարքը՝ ձայնի գրանցման և վերարտադրման առաջին սարք, առաջին հեռախոս և հեռագիր, առաջին ջերմաէլեկտրակայան և շատ ուրիշ «առաջիններ», որոնց հեղինակն այն փոքրիկ տղան էր, որին ուսուցիչը «դանդալո»շ էր անվանել։ Տղան Թոմաս Էդիսոնն էր:

Մի անգամ, երբ արդեն աշխարհահռչակ գիտնական ու գյուտարար էր, էդիսոնն ընտանեկան արխիվում մի գրություն գտավ։ «Ձեր տղան մտավոր խնդիրներ ունի։ Խնդրում ենք նրանով զբաղվեք ինքնուրույն՝ տանը»։

Էդիսոնը ժամերով արտասվեց այս գրությունը կարդալուց հետո, ապա՝ գրառում արեց օրագրում;

«Թոմաս Ալվա էդիսոնը մտավոր խնդիրներ ունեցող երեխա էր։ Իր հերոսական մոր շնորհիվ նա դարձավ իր դարի մեծագույն հանճարներից մեկը»։

Ցուցադրել ավելի
Back to top button