Այս օրերին ամեն ինչի մասին խոսելը, իհարկե, դժվար է։ Այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջը, արցախցի մեր հայրենակիցների կյանքում, բոլորիս ողբերգությունն է։ Բայց․․․«Թույլ լինելն ամենահեշտ բանն է», – ասում է տատիկս ամեն անգամ, երբ տեսնում է արցունքներս։ «Կարո՞ղ ես օգնել՝ օգնի՛ր, մտածիր՝ ի՞նչ կարող ես անել, լավ սովորիր, որ լավ երկիր կառուցես, ուժեղանաս, թե չէ՝ թույլ լինելը հեշտ է, իսկ, այ, ուժեղ լինելը՝ դժվար։ Եվ կյանքն էլ շարունակվում է։ Տես՝ ինչքան քո տարիքի երեխա է եկել։ Քո կողքին են ապրելու, քեզնից ուժ պիտի ստանան, սեր, ջերմություն։ Որ թույլ եղար, ո՞նց ես տալու սեր ու ջերմություն»։
Շատ եմ սիրում տատիկիս, որը երբեք հենց այնպես չի խոսում ու հենց այնպես չի խրատում։ Դեռ չգիտեմ՝ ի՞նչ կարող եմ անել, բայց որոշել եմ՝ թույլ լինել չեմ ուզում։ Եվ արցախցի իմ ընկերներին էլ ուզում եմ ասել՝ շա՛տ, անտանելի ծանր է, բայց մենք միասին թերթելու ենք մեր պատմության այս էջը, իսկ հաջորդ էջը գրողը մենք ենք լինելու․ եկեք ամեն ինչ անենք՝ գրագետ գրելու համար, այնպե՛ս, որ մեր սխալները մեր դեմ ոչ ոք ուղղել չկարողանա։ Իսկ դրա համար լավ, շատ լավ կրթվել է պետք ու տիտանական աշխատանք։ Իսկ թույլ լինել չեմ ուզում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արցախից բռնի տեղահանված աշակերտների և ուսանողների կրթության շարունակությանն ու անընդհատության ապահովմանն առնչվող հարցերը:
Խորհրդակցության առանցքային կետերից են եղել բռնի տեղահանված դպրոցականների՝ ուսումնական գործընթացից դուրս չմնալու, ինչպես նաև ուսումնարանների, քոլեջների և բուհերի ուսանողների՝ ուսումը ՀՀ ուսումնական հաստատություններում շարունակելու հարցերը: Նշվել է, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցները հնարավորություն ունեն իրենց կրթությունը շարունակելու ՀՀ դպրոցներում՝ ըստ համապատասխան բնակավայրերի:
Այնպես որ՝ շատ շուտով բոլորիս դասարաններում էլ համալրումներ կլինեն։ Մեր նոր ընկերներին ընդունում ենք առանց արցունքի, սիրով և ինչու չէ՝ պատրաստ զրուցելու ամեն ինչի մասին՝ «Զարթուցիչ»-ի կարգախոսի համաձայն․․․