Զարթուցիչ

Ինչպե՞ս լինել գրագետ սոցիալական մեդիայում

Ֆեյսբուք, ինստագրամ, տիկ-տոկ․․․ այս շարքը կարող ենք շարունակել, որովհետև սոցիալական ցանցերը դարձել են մեր առօրյայի անբաժան մասը։ Ու այս ցանցերում մենք կարող ենք և՛ օգուտներ կրել, և՛ վնասներ: Բայց մենք նախընտրում ենք մեդիագրագետ լինելը։

Թեև սոցիալական մեդիան օգնում է մշտապես կապի մեջ լինել հարազատների ու ընկերների հետ, բայց այն կարող է նաև վտանգավոր լինել, երբ հերթը հասնում է մեր անձնական տվյալներին ու գաղտնիությանը։

Մեդիայում կարևոր է լինել զգոն և ուշադիր, չբացահայտել անձնական տվյալներն ու հնարավորինս քիչ հրապարակել տեղեկություններ մեր և մեր այցելած վայրերի մասին։

Սոցիալական ցանցերում, օրինակ՝ «Ֆեյսբուքում», «Ինստագրամում», պետք է ուշադրություն դարձնել նաև գաղտնիության կարգավորումներին։ Այդ կարգավորումները կարող են օգնել մեզ կիբերհանցագործներից պաշտպանվելու համար, ովքեր ցանկանում են հավաքել օգտատերերի անձնական տվյալները, և դրանք օգտագործել իրենց անձնական նպատակներով:

Գաղտնիք չէ, որ կիբերհանցագործները հաճախ կոտրում են օգտատերերի հաշիվները և նրանց անունից շփվում իրենց ընկերների հետ: Ուստի՝ երբեք մի պատասխանեք սոցիալական ցանցերի միջոցով տրվող կասկածելի հարցերին։  

Հարկավոր է իմանալ և հիշեցնել նաև մայրիկներին, որ համացանցում պետք չէ խոսել ճանապարհորդական ծրագրերի մասին կամ գրառում կատարել դրա վերաբերյալ։ Հանցագործները սոցիալական ցանցերում հաճախ փնտրում են հենց այդպիսի դատարկ տներ՝ թալանելու համար:

Մենք ապրում ենք թվային դարաշրջանում, ուստի՝ ընկերներ ենք ձեռք բերում նաև համացանցում։ Սոցիալական մեդիայում պաշտպանված ու անվտանգ լինելու համար պետք է ընտրողական վերաբերմունք ցույց տալ «ընկերանալու հայտերին»։

Այսպիսով, զգույշ եղեք համացանցում ընկերներ ընտրելիս․ հնարավոր է, որ նրանք զեղծարարներ են և ուզում են ձեզնից անձնական տեղեկություններ կորզել, և հետո, դրանք ծառայեցնել իրենց օգտին։

Եթե ուզում եք համացանցն օգտագործել հնարավորինս գրագետ, ապա՝ կապ հաստատեք միայն այն մարդկանց հետ, որոնց անձամբ ճանաչում եք կամ վստահ եք, որ տվյալ օգտատիրոջ ինքնությունը հաստատված է:

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերն արդեն ստեղծել են այդ հնարավորությունը․ եթե նախկինում միայն պաշտոնյաներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները կարող էին ունենալ պաշտոնական կապույտ նշան, ապա՝ այն այսօր հասանելի է բոլոր օգտատերերին։

Դե իհարկե չենք կարող խոսել սոցիալական ցանցերի պաշտպանական միջոցների մասին՝ առանց անդրադառնալու գաղտնաբառին։ Մշտապես հիշեք, որ պետք է ստեղծել անկանխատեսելի ու դժվար հիշվող գաղտնաբառ․․․միայն թե, զգո՜ւյշ եղեք՝ դուք էլ չմոռանաք այն։

Երբ հերթը հասնում է գաղտնաբառ ստեղծելուն, շատ օգտատերեր ընտրում են այնպիսի համադրություններ, որոնք հեշտ է հիշել․ գաղտնաբառում ներառում են ծննդյան ամսաթիվը, տարիքը, հեռախոսահամարը, մուտքագրում են թվեր՝ աճման կամ նվազման կարգով: Պարզ է, չէ՞․․․որ անձնական էջի գաղտնիությունը պաշտպանելու այնքան էլ լավ տարբերակներ չեն:

Փոխարենը՝ փորձեք ստեղծել գաղտնաբառ, որը կպարունակի տասը նիշ և կապ չի ունենա ձեր մյուս սոցիալական ցանցերի հետ։ Գաղտնաբառերը չպետք է կրկնվեն, որպեսզի, եթե ինչ-որ մեկը ներխուժի ձեր սոցիալական մեդիայի հաշիվներից մեկը, մյուսները մնան ապահով և անվնաս:

Այս պարզ կանոններին հետևելը կօգնի պաշտպանել առցանց գաղտնիությունն ու անձնական տվյալները, ինչպես նաև՝ կօգնի պաշտպանվել կիբերհանցագործներից, որոնք փնտրում են անձնական տվյալներ կամ սպասում հարմար պահի՝ համացանցի միջոցով դատարկ բնակարանների մասին  տեղեկանալու ու այցելելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button