Զարթուցիչ

Սովորում ենք դասերը հեշտ ու արագ. Զարթուցիչ

Դպրո՜ց, դասե՜ր, գրքե՜ր ու տետրե՜ր, իսկ աշնանային արձակուրդին դեռ պետք է սպասել։ Այսօր կսովորենք մի քանի արդյունավետ հնարքներ, որոնք մեզ կօգնեն լավ արդյունքներով սովորել։  

Կրկնությունը գիտության մայրն է: Երկար դասերը հիշելու համար հարկավոր է կրկնել 5 անգամ՝ կարդալուց անմիջապես հետո, այնուհետև՝ այդ տեքստին անդրադառնալ 20 րոպե հետո, մեկ օր անց, 14 օր հետո, 2 ամիս հետո։ 

Որոշ ժամանակ անց սովորած նյութին վերադառնալը օգնում է աշակերտին լինել հաջողակ թե՛ քննությունների և թե՛ պատահական դասալսումների ժամանակ։ 

Միշտ ուշադրությունը պետք է կենտրոնացնել «ծառի արմատին»։ Առանց նյութի իմաստը հասկանալու սովորելը անօգուտ է: 

Փորձեք միշտ հստակ ու պարզ բացատրություն գտնել այն ամենի համար, ինչը ձեզ անհասկանալի ու բարդ է թվում: Հակառակ դեպքում՝ առանց ամրապնդող հիմքերի, տեղեկատվությունը մեր հիշողությունից օրեր անց իսպառ վերանում է։ 

Երբևէ մտածե՞լ եք կպչուն պիտակներ օգտագործելու մասին։ Բանալի բառերը հարկավոր է գրել կպչուն պիտակների վրա և փակցնել աչքի համար տեսանելի վայրում։ Տեսնելով բանալի բառը՝ մենք անմիջապես կհիեշնք դրա հետ առնչվող ասելիքը։ 

Սովորած նյութը հեշտ մտապահելու համար խորհուրդ է տրվում ձայնագրել այն, ինչ արդեն սովորել ենք։ Եթե չենք սիրում ձայնագրվել, ապա՝ կարող ենք միացնել և համացանցում լսել այդ թեման, ինչպես նաև՝ լսել թեմայի հետ կապված օգտակար փոդքասթներ ու աուդիոներ։ 

Նյութը լավ ընկալելու համար պետք է այն կարդալ բարձրաձայն։ Եվ հետո հարցնել՝ ինքներս մեզ, թե ի՞նչ նոր բան սովորեցինք, ի՞նչն առաջինը տպավորվեց և այլ վերլուծական հարցեր: Տեքստի վերլուծության շնորհիվ կարելի է հեշտորեն անցում կատարել մեխանիկական ընթերցանությունից դեպի գիտակցված ընթերցանություն, ինչը սովորելը դարձնում է ավելի հեշտ և արագ։ 

Դե իհարկե սովորելուց բացի՝ չպետք է մոռանալ նաև հանգստի ու քնի մասին։ Հոգնածությունը հիշողության թշնամին է։ Ցանկացած նյութ հեշտ կլանելու համար, նախ պետք է ունենալ մեծ ուժ և լավ առողջություն: 

Առողջ քունն օգնում է մշակել և պահպանել օրվա ընթացքում ստացված տեղեկատվությունը: Հավանաբար շատերս ենք լսել, որ քնելուց առաջ ընթերցանությունը, քննություններին պատրաստվելը կամ դասերը կրկնելը ամենաարդյունավետն է։ Այդ ժամանակ գլխում կազմակերպվում և համախմբվում են նոր գիտելիքներ, որոնք մինչ այդ գուցե մեր աչքից վրիպած լինեին։ 

Սովորելու ընթացքում շատ ջուր խմեք, իսկ, եթե զգում եք, որ սկսում եք դժվար ընկալել նախադասությունները, ապա՝ անմիջապես 1 բաժակ ջուր խմեք․ այն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը և թարմացնում օրգանիզմը։ 

Անընդհատ նստած սովորելը ևս կարող է հոգնեցնող լինել։ Փորձեք երբեմն դասերն անել կանգնած։ Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ մենք նյութն անվելի լավ ենք ընկալում կանգնած, քան նստած վիճակում։ 

Եվ վերջում՝ պլանավորում․․․ Այս մեթոդը հարմար է, երբ տեքստը պետք է ոչ թե անգիր անել, այլ՝ վերարտադրել՝ առանց իմաստի կորստի։ Ինչպե՞ս կազմել պլանավորումը։ Նախ կարդացեք տեքստը մի քանի անգամ: Եթե ​​այն պարունակում է անծանոթ, անհասկանալի կամ բարդ բառեր, գրեք դրանք առանձին, պարզեք իմաստը և փորձեք հիշել։ Այնուհետև տեքստը բաժանեք պարբերությունների։ 

Եթե ​​տեքստը պարբերություններ չի պարունակում, ապա դրանում կարող եք առանձնացնել իմաստային դրվագներ: Մեթոդի արդյունավետությունը բարձրացնելու համար կարող եք յուրաքանչյուր հատվածին վերնագիր տալ:  

Դե իսկ վերջում էլ կազմում ենք տեքստի մանրամասն կմախքը: Այն բաղկացած է լինելու այն վերնագրերից, որոնք մենք տվել եք յուրաքանչյուր հատվածի համար։ Հետո՝ պետք է վերապատմենք տեքստը՝ ըստ պլանի: 

Անհրաժեշտության դեպքում չպետք է խուսափել տեքստին նայելուց այնքան, մինչև որ կարողանանք հնարավորինս ճշգրիտ և մանրամասն վերարտադրել: Անհրաժեշտության դեպքում պլանավորմանը կարող ենք ավելացնել նոր վերնագրեր։

Ցուցադրել ավելի
Back to top button