Մայրիկի դպրոց

Հարցեր պատերազմի մասին. Մայրիկի դպրոց

Այս օրերին փոխվել է Հայաստանի սրտի զարկը․ շատերն առավոտից գիշեր, ցավն ատամների տակ առած, փորձում են օգնել հայրենիք, տուն ու տեղ թողած արցախցի մեր հայրենակիցներին, բայց ցավն ատամի տակ անընդհատ պահելը դժվար է․ վիշտը, զայրույթը, անարդարության զգացումը, ամենատարբեր հույզերը խառնվում են իրար և խառնում բոլորիս ներաշխարհը։ Եվ հենց այսպիսի իրավիճակներում է, որ մեծերն իրենց ապրումների մեջ սկսում են մի շատ կարևոր բան անտեսել․ այն, թե ինչ են զգում, ինչ են մտածում, ինչ հարցեր ունեն կատարվածի վերաբերյալ երեխաները։

Երեխայի հարցն անտեսելը, այսուայնտեղից լսած նրա ինֆորմացիան, երբեմն երեխաների՝ միմյանցից լսած զարհուրելի պատմությունները չկարևորելը, կարող են անդառնալի հետևանքներ թողնել երեխաների վրա։ Խոսքը կրտսեր դպրոցական տարիքի երեխաների մասին է։ Այսպիսի՝ ստանդարտից դուրս իրավիճակներում երեխաներին սթրեսներից հնարավորինս պաշտպանելու, կատարվածը ճիշտ մատուցելու, իրենց ստացած ինֆորմացիան մեկնաբանելու հարցերին ենք անդրադարձել հոգեբան Էմմա Արզիևայի հետ զրույցում։

Է․ Արզիևա – Շատ ակտուալ հարց է։ Գրեթե ամեն օր այդ հարցն ստանում եմ․ արդյո՞ք պետք է երեխաներին պատմել պատերազմական իրավիճակի մասին և ի՞նչ չափով պատմել։ Հարցը կրտսեր դպրոցականների մասին էր, բայց այդ խմբում անպայման պետք է ներառված լինի նաև նախադպրոցական տարիքը, որովհետև իրենց մոտ էլ են հարցեր առաջանում։ Օրինակ՝ «մենք ամեն առավոտ մանկապարտեզ գնալիս ավտոմեքենայի մեջ երաժշտություն ենք լսում, ինչու՞ այսօր երաժշտություն չեք միացնում»։ Հարց է, որին պետք է ադեկվատ պատասխան տալ։ Համոզված եմ, որ բոլորն այս պահին ունեն ցավ, կսկիծ, մեղքի զգացում, բարկություն, անզորություն, և այս սթրեսային իրավիճակում նախադպրոցական տարիքի երեխան նույնպես տեսնում է, որ մայրիկն այլայլված է, տխուր է, և հարցեր է տալիս։ Երբ մենք փորձում ենք երեխայից ինչ–որ ինֆորմացիա թաքցնել, սա ի վնաս մեզ է աշխատում, որովհետև երեխան, մանավանդ դպրոցական տարիքի երեխան, այլ սոցիալական միջավայրերում շփումներ ունի և այնտեղից է հավաքում ինֆորմացիան։ Եվ քանի որ մենք որոշ չափով անհարգալից վերաբերմունք ենք ցուցաբերել իր նկատմամբ, փորձել ենք խաբել, չասել, ապա մեծանում է հավանականությունը, որ նույն կերպ էլ ինքը մեզ չի պատմի, թե ինչ ինֆորմացիա ունի, և մենք էլ չենք իմանա, թե որ ինֆորմացիայի հետ պետք է աշխատել։

Ահա թե ինչու հորդորում եմ մաքսիմալ անկեղծ գտնվել․ չպատմել դաժան ու սարսափազդու բաներ, այլ պարզ, հնարավորինս մատչելի, իրենց տարիքին համապատասխան ներկայացնել։

Հաճախ ծնողներն ընկնում են գայթակղության մեջ և սկսում են ավելի շատ ինֆորմացիա տալ։ Մի՛ արեք այդպես․ դադար վերցրեք, ինչ–որ ինֆորմացիա տալուց հետո կանգ առեք։ Եթե երեխային ձեր ասածը բավարար է, ինքն այլ հարցեր չի տա, և դուք էլ ավելին ասելու կարիք չեք ունենա։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button