Առողջ ապրելակերպի հիմնական կանոնները. Զարթուցիչ
Նկատե՞լ եք՝ շատերս, հատկապես աշնանը, մեզ ֆիզիկապես թույլ ենք զգում։ Դա ազդում է մեր առօրյայի՝ դասերի, աշխատանքի, ընտանիքի ու ընկերների հետ հարաբերությունների վրա:
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ մարդու առողջությունը 60%-ով պայմանավորված է նրա ապրելակերպով։ Ուստի՝ շարունակենք հետևել առողջ ապրելակերպի պարզ կանոններին։
Ինչո՞ւ չիմանալ դրանք՝ ավելի լավ սովորություններ ձևավորելու համար։
Նախ ֆիզիկական ակտիվություն։ Սա չի նշանակում, որ պետք է զբաղվենք պրոֆեսիոնալ սպորտով։ Պարզապես հարկավոր է անընդհատ նստելու փոխարեն ամեն օր ձգտել ավելի շատ քայլել։ Ինչպես նաև՝ կարելի է զբաղվել լողով, հեծանվավազքով, դե կամ էլ բավական է նույնիսկ ֆիզկուլտուրայի դասերից չբացակայելը։
Հավասարակշռված սննդակարգը ևս կարևոր է։ Հավանաբար մեզնից շատերն առավոտյան այնքան արագ ու շփոթված են գնում դպրոց կամ աշխատանքի, որ չեն հասցնում նախաճաշել։ Ժամանակի սղության պատճառով էլ մենք երբեմն նախընտրում ենք «ֆասթ ֆուդը» (արագ սնունդ)։
Պատահում է, որ դպրոցից գալիս ենք տուն ու պետք է շտապենք հերթական պարապմունքին։ Այդ ընթացքում հասցնում ենք սնվել կիսաֆաբրիկատներով:
Այսպիսով, մեր հաջորդ քայլը պետք է լինի առողջ սննդակարգ ստեղծելը։ Առողջ սնունդը առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչներից է։ Այն բաղկացած է վիտամիններով և հանքանյութերով հարուստ առողջ մթերքների օգտագործումից։ Դրանք են բանջարեղենը, մրգերը, միսը, կաթնամթերքը, ձուկը և հացահատիկային մթերքները։
Անհրաժեշտ է հետևել նաև այս կարևոր սկզբունքին․ սնվել փոքր չափաբաժիններով, բայց՝ հաճախակի, օրինակ՝ 4-ից 5 անգամ։ Պետք է նախընտրել թեթև ուտեստներ․ աղցաններ, ապուրներ կամ ձավարեղեն։
Հիգիենիկ խնամքը ևս առողջ ապրելակերպի հիմնական կանոններից է։ Հիգիենա ասելով հասկանում ենք ոչ միայն ձեռքերի, ատամների ու ողջ մարմնի խնամքը, այլ նաև սննդի, հագուստի, կոշիկի և տան հիգիենան։
Նախ սննդի անձնական հիգիենա։ Սա նշանակում է, որ պետք է բացառել գազավորված ըմպելիքների, չիպսերի, լուծվող սուրճերի օգտագործումը և դրանք փոխարինել օգտակար ու վիտամիններով հարուստ մթերքներով ու կոմպոտներով։
Հաջորդը՝ հագուստի և կոշիկի հիգիենա։ Հավանաբար կռահում եք, որ պետք է ուշադրությունը կենտրոնացնել դրանց մաքրության վրա․ թե՛ հագուստը և թե՛ կոշիկները պետք է լինեն մաքուր և ոչ շատ հին։ Գուցե զարմանալի թվա, բայց պիտանելիության ժամկետ ունենում է ոչ միայն մթերքը, այլև՝ հագուստն ու կոշիկը։
Եվ վերջում՝ տան հիգիենա։ Այն ներառում է իրերի կանոնավոր մաքրության պահպանում և կարգուկանոնի հաստատում: Այսպես կարող ենք խուսափել կեղտի կամ փոշու հետ հաճախակի շփումից։
Առողջ ապրելակերպի հաջորդ բաղադրիչը բալանսավորված քուն ունենալն է։ Հավանաբար շատերս ենք լսել, որ մարդն ամեն օր պետք է քնի նույն ժամին, այսինքն՝ հետևի ռեժիմին։ Մեծահասակների քունը պետք է լինի առնվազն 7 ժամ, երեխաներինը՝ 8 ժամ։
Քնելուց առաջ կարող ենք զբոսնել մաքուր օդում։ Ցանկալի է, որ քնելուց երկու ժամ առաջ խուսափենք հեռախոս ու այլ տեխնիկա օգտագործել։ Դա կօգնի մեզ հանգստանալ և լիարժեք քնել:
Ցանկալի է նաև գիշերը ծանր սնունդ չուտել։ Պետք է սնվել առավելագույնը քնելուց երկու ժամ առաջ։
Դե իսկ սենյակի առավելագույն ջերմաստիճանը պետք է լինի 18 աստիճան: Եթե դրսում տաք է, կարող ենք բաց թողնել պատուհանները՝ մաքուր օդը ներս բերելու համար։ Հիշենք, որ կարևոր է օրական 3 անգամ օդափոխել տունը՝ ընդամենը 20 րոպեով։
Առողջ ապրելակերպն ապահովող հաջորդ գործոնը դիմադրողականության բարձրացումն է։ Այն կարևոր է հատկապես մրսածության կանխարգելման համար։
Բարձր դիմադրողականության օգնությամբ մենք կարող ենք խուսափել բազմաթիվ հիվանդություններից և պահպանել մեր բարձր աշխատունակությունը երկար ժամանակում։
Դիմադրողականությունը կարելի է բարձրացնել ֆիզիկական ակտիվությամբ, առողջ սնվելով և մարմինը կոփելով։