Լուրեր

Առաջատար տեխնոլոգիաները Դիջիթեք23 -ին՝ մեր երկրի խնդիրներին լուծումներ գտնելու համար

Դրոններից մինչև էլեկտրական մեքենաներ, ծրագրային ապահովման աութսորս և տեղական պրոդուկտներից մինչև գիտահետազոտական և տիեզերական հետազոտություններով զբաղվող տեխնոլոգիական ընկերություններ․ այս ամենը կարելի է գտնել 18-րդ «ԴիջիԹեք»-ում՝ հոկտեմբերի 13-15-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում։

«Տեխնոլոգիաներն ամենուր են» խորագրով ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում է հատկապես մեր երկրում առաջացած խնդիրները․ «Մենք ցույց ենք տալիս, որ հուսալի և կայուն գործընկեր ենք ամբողջ աշխարհի համար՝ անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից: Պետք է աշխատել արդեն մի քանի ուղղությամբ, ուստի տեխնոլոգիական համայնքն ու տնտեսությունը պետք է գործեն հատկապես ա՛յս պայմաններում: Այս տարի ոլորտի հետ միասին կներկայանան նաև «Ազատազեն» ռազմակրթական ՀԿ-ն, Laser War Armenia-ի ռազմա-տակտիկական խաղ-սպորտաձևի թիմը, ինչպես նաև տարածքում կտեղադրվի «ՈՄԱ Գմբեթ»։ Մենք՝ ԱՏՁՄ-ն, հովանավորելու է մեկ «Գմբեթ»-ի ստեղծում և կոչ ենք անում, որ մյուսներն էլ միանան»,-ԱՏՁՄ-ում հրավիրված մամուլի ասուլիսին ասել է գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը։

Արցախից բռնի տեղահանված ընկերությունները կներկայանան միասնական տաղավարով, ինչպես նաև «ԴիջիԹեք»-ում ներկայացված կլինի մեկ այլ ցուցահանդես՝ «Artsakh Career Expo»-ն, որը սպասվում է հոկտեմբերի վերջին։ Բացի այդ, ցուցահանդեսին Armenian Code Academy-ին մասնագիտական սեմինարներ կանցկացնի՝ արցախցի մեր հայրենակիցների համար։ Միջոցառման օրերին հնարավոր կլինի նաև փնտրել աշխատատեղեր։ ԱՏՁՄ-ն արդեն իսկ առաջարկում է աշխատատեղեր՝ Արցախի մեր հայրենակից ուսուցիչների համար, որոնք կուզեն դառնալ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարներ։ 

«Դիջիթեք»-ում տեղի կունենա նաև «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության տարեկան հաշվետու գիտաժողովը։ Ելույթներ կունենան նախաձեռնության անդամ 5 համալսարանից (ԵՊՀ, ՀԱԱՀ, ՀԱՀ, ՀՀՖՀ, ՀՌՀ)։ Նախատեսվում է գաղափարների ստեղծման նիստ։

Այս տարի ԱՏՁՄ-ն 100% ֆինանսավորմամբ կաջակցի սկսնակ և փոքր տեխնոլոգիական թիմերի մասնակցությունը: Կգործի նաև վերելակի 1 րոպեանոց ֆորմատը՝ «Elevator Pitch»-ը, որտեղ սկսնակները կփորձեն ներկայանալ և ստանալ ֆինանսավորման հնարավորություն՝ 24 փորձառու հրեշտակ ներդրողից։ Ըստ նախապես հաստատված հաջորդականության՝ կապահովվի 15-րոպեանոց հասանելիություն «Elevator Pitch»-ին և ամեն հիմնադրի կհատկացվի մեկական րոպե։

«ԴիջիԹեք» 2023-ում ներկա կլինեն նաև էստոնական վենչուրային ֆոնդից և հայկական բոլոր ֆոնդերից․ «Հայաստանյան ստարտափ էկոհամակարգում հայկական արտադրության ավելի քան 10 տեխնոլոգիական ընկերություն գնացել է վենչուրային ֆիանանսավորման ճանապարհով: 

Եթե նախկինում ստարտափը 1-2 միլիոն դոլար ներգրավելու համար պետք էր գնալ Սիլիկոնային հովիտ կամ ուրիշ կենտրոններ, ապա հիմա Հայաստանի վենչուրային ֆոնդերը կարողանում են նախասաղմանային ու սաղմնյաին ֆինանսավորումն ապահովել տեղում, ինչը շատ ընկերությունների համար առաջ գնալու հնարավորություն է»,-նշել է Krisp ընկերության համահիմնադիր, 10Web ընկերության հիմնադիր, ԱՏՁՄ վարչության անդամ Արտավազդ Մինասյանը: Նա նաև հավելել է, որ դոլարի 20 տոկոս արժեզրկումը ևս վատ է անդրադարձել, քանի որ գրեթե բոլոր ընկերությունները արտահանող են, սակայն հիմա իրավիճակի բարելավում կա, և չնայած Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին՝ հայկական ընկերությունները վերադիրքավորվել են։ Իսկ «ԴիջիԹեք»-ն այն հարթակն է, որտեղ պետք է այս ամենը ցույց տալ։ 

«ԴիջիԹեք» 2023-ը կմեկնարկի հոկտեմբերի 13-ին, ժամը 10:00-ին։ Օրակարգը՝ հասանելի է «ԴիջիԹեք»-ի կայքում։ Մուտքն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։ 

Ցուցադրել ավելի
Back to top button