Եթե խաչբառ լուծելիս այսպիսի հարցի հանդիպեք՝ ո՞րն է աշխարհի ամենահայտնի թեք աշտարակը, առանց վարանելու կլրացնեք բառը․․․Պիզայի։ Եվ իհարկե, չեք սխալվի, որովհետև, այո, Պիզայի աշտարակն ամենահայտնի, բայց ուղղահայաց առանցքի նկատմամբ թեքված միակ աշտարակը չէ և ոչ էլ՝ կառույցը։
Պարզվում է, որ այսպիսի մոտ 400 կառույց կա աշխարհում։ Եվ ուղղահայաց առանցքի նկատմամբ ամենամեծ անկյունն էլ հենց Պիզայի աշտարակինը չէ։
Օրինակ, Գերմանիայի Զուուրհուզեն բնակավայրի 13-րդ դարում կառուցված զանգակատունն իր ուղղահայաց առանցքի նկատմամբ թեքվել է 5,19 աստիճանով, մինչդեռ Պիզայի աշտարակի թեքությունը 3,97 աստիճան է։
Զուուրհուզենի 28 մետր բարձրությամբ այս կառույցը փայտե հիմք ունի, որն էլ խոնավության պատճառով սկսել է փտել, զանգակատունն էլ սկսել է թեքվել։ 1996 թվականին, երկար ջանքերից հետո, կարողացել են կառույցի թեքվելու գործընթացը կանգնեցնել։
Բրիտանական պառլամենտի շենքի աշտարակն էլ իր հայտնի Բիգ Բենով թեքված աշտարակների շարքում է։ Այն իր ուղղահայաց առանցքի նկատմամբ 0․26 աստիճանով թեքվել է, իսկ պատճառը պարզել դեռ չի հաջողվել։
Թեքված կառույցներ կան Իտալիայում, Իսպանիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, բայց այսօր նմանատիպ ամենահայտնի կառույցներից մեկը, որը գրանցված է որպես ամենամեծ թեքություն ունեցող կառույց Գինեսի ռեկորդների գրքում, կառուցվել է 2010 թվականին Աբու Դաբիում․ դա Capital Gate երկնաքերն է, որի՝ ուղղահայաց առանցքի նկատմամբ կազմած անկյունը 18 աստիճան է։