Մայրիկի դպրոց

Հարցեր պատերազմի մասին․ մաս 2–րդ․ Մայրիկի դպրոց

Ցավոք, հայտնվել ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ պատերազմի մասին հարցերը ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների ու պատանիների ամենօրյա քննարկումների թեման են դարձել։

Եվ եթե առաջինների դեպքում թե՛ երեխաների ստացած ինֆորմացիան վերահսկելու, թե՛ նրանց հնչեցրած հարցերին առավել մեղմ պատասխաններ գտնելու հնարավորություն ծնողներն ունեն, ապա դեռահասների դեպքում այդպես չէ։ Նրանք, հիմնականում, իրենք են գտնում, կարդում, լսում բազմազան տեղեկատվություն, և նրանց հարցերն էլ առավել ստույգ պատասխաններ գտնելու համար են տրվում։ Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր դեռահասին, որն այս իրավիճակների հետ կապված հարցեր ունի։ Այս մասին է հոգեբան Արմինե Վարդանյանի հետ զրույցը։

Ա․Վարդանյան – Ցավոք սրտի մեր երեխաներն ստիպված են անցնել այն իրականությունով, որը մեր շուրջը կա, և մենք, ուզենք–չուզենք, չենք կարող նրաց մեկուսացված պահել։ Այո՛, երեխաները կարող են և՛ ականատես լինել, և՛ լսել, և՛ կարդալ, և՛ լինել, ցավոք սրտի, էդ ամենի կիզակետում և ճանաչել պատերազմը։ Եվ շատ բնական է, որ սրա հետ կապված կունենան հարցեր։ Շատ ուրախալի կլինի, եթե դեռահասը, որն ունի հարցեր, մոտենա ծնողին, հնչեցնի հարցը և խոսի իր անհանգստությունների մասին։

Բազմիցս խոսել ենք այն մասին, որ դեռահասության տարիքում երեխաներն արտաքուստ հեռանում են ծնողներից և իրենց համար տեղեկությունների աղբյուրներ փնտրում են այլ վայրերում։ Դա կարող է լինել համացանցը, հեռուստատեսությունը, կարող են լինել ընկերները, անհասկանալի հեղինակություններ։ Բնականաբար, սա չենք կարող բացառել երեխայի կյանքից, բայց նաև փորձում ենք հնարավորինս մնալ երեխայի կյանքում և ուշադիր լինել երեխայի արձագանքներին։

Օրգանիզմն էլ կարող է արձագանքել այս իրողություններին։ Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք հասկանալ, թե երեխայի օրգանիզմն այս փուլում ինչ արձագանք է տալիս։ Օրինակ՝ վախեցել է, տագնապել է, հայտնվել է երկարատև սթրեսային վիճակում, որովհետև պատերազմական իրավիճակը մոտ է նաև նրանց տարիքային առումով․ տղաների համար մեզ մոտ պարտադիր զինվորական ծառայությունը 18 տարեկանից է սկսվում, և 14–15 տարեկան դեռահասները շատ մոտ են էդ պատասխանատվությանը, ու սա անմիջական վախ կարող է առաջացնել։ Վախ՝ մի կողմից, մյուս կողմից՝ որպես հերոս դրսևորվելու պատրաստակամություն․ ես արդեն մեծ եմ, ես էլ կարող եմ, ես էլ պիտի գնամ, զենք վերցնեմ ձեռքս։ Այսինքն՝ այս ծայրահեղություններն էլ կարող ենք ունենալ։ Սա էլ իրենց կայացման, ինքնաճանաչման մաքսիմալիստական դրսևորումներից մեկը կարող է լինել։ Գուցե նաև՝ հարցերից մեկը՝ ի՞նչ կարող եմ անել ես․․․Շատ կարևոր է, որ ծնողն էս ամեն ինչին իրազեկ լինի․․․

Շարունակությունը՝ զրույցումԼ

Ցուցադրել ավելի
Back to top button