Զարթուցիչ

Ինչպե՞ս կառավարել գումարը. Զարթուցիչ

Ֆինանսական գրագիտություն ․․․ ծանոթ տերմին է, չէ՞։ Հավանաբար բոլորս էլ լսել ենք ֆինանսական գրագիտության մասին։ Այսօր այն կարևորվում է ոչ միայն տնտեսագիտական մասնագիտացում ունեցող մարդկանց շրջանում, այլ նաև՝ շատուշատ մեծահասակների ու նաև երեխաների համար։

Ի դեպ՝ ողջ աշխարհում այս օրը՝ հոկտեմբերի 17-ը, Աղքատության վերացման պայքարի համաշխարհային օրն է։

Եթե մենք ֆինանսապես գրագետ ենք, ուրեմն՝ աշխատանքում ու գրեթե ամենուր հաջողություններ գրանցելու հնարավորություններ ավելի շատ կունենանք։

Ֆինանսական գրագիտության կարևոր դասերից մեկը գումար խնայելու կարողությունն է։ Նույնիսկ շատ մեծահասակներ դեռ չեն կարողանում ձևավորել գումար խնայելու և այն ճիշտ կառավարելու սովորությունը:

Այսպիսով, ամեն անգամ, երբ ուզում ենք որևէ բան գնել, պետք է հստակ տարանջատենք․ մենք դա պարզապես ուզո՞ւմ ենք, թե՞ իսկապես ունենք դրա կարիքը։ Այսինքն՝ մենք պետք է տարբերենք մեր կարիքներն ու ցանկությունները: Հիմնական կարիքներ են համարվում բնակարանը, սնունդը և հագուստը: Մնացած գրեթե ամեն ինչ ցանկություններ են:

Պարզ է չէ՞, որ ցանկությունները երբեք չեն ավարտվում, ուրեմն՝ դրանց հետ պետք է զգույշ լինել:

Կարևոր է նաև սահմանել խնայողությունների նպատակներ, բայց դրանք պետք է ունենան հստակ պատճառներ, հակառակ դեպքում՝ խնայողություն անելը կդառնա անիմաստ ու տխուր մի բան։ Եթե մենք ունենանք հստակ նպատակ, ասենք․․․ ուզում ենք նոր հեծանիվ գնել, ապա  դա կծառայի որպես մոտիվացիա։ Կամ ուզում ենք գնել ավելի հարմար, մեծ ու գեղեցիկ պայուսակ․ ուրեմն արժե գումար խնայել դրա համար։

էմոցիաների ազդեցությամբ գնումները հենց ֆինանսական գրագիտության թշնամիներն  են։ Պետք է հիշել, որ իմպուլսիվ գնումը՝ գովազդի մշտական ազդեցության ուղղակի արդյունք է: Լավ գովազդն ազդում է մարդու վրա՝ դրդելով նրան ինչ-որ բան գնել։ Մենք հաճախ դառնում ենք մարքեթինգի զոհ, քանի որ գովազդի ազդեցությամբ գնում ենք այն, ինչը մեզ այդքան էլ անհրաժեշտ չէ։

Ի՜նչ լավ կլիներ, որ մեր այս կարևոր առաքելության ճանապարհին մեզ ոգևորեին։ Ինչո՞ւ մեծահասակներից չստանալ որոշակի պարգևավճար, չէ՞ որ հիմա մենք ֆինանսապես գրագետ ու խելոք ենք։

Եթե մենք խնայողություններ անելու նպատակ ունենք, ապա՝ մեզ անհրաժեշտ կլինի տեղ՝ գումարը պահելու համար: Սա շատ կարևոր է, քանի որ այսպես մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են գոյանում մեր խնայողությունները և մոտեցնում մեզ դեպի մեր նպատակը: Հիշում ենք, չէ՞, որ պետք է ունենանք հստակ նպատակ, որպեսզի չկորցնենք խնայողություններ անելու մոտիվացիան։

Գուցե զարմանալի ու մի քիչ էլ տարօրինակ թվա, բայց ֆինանսական գրագիտության մեջ սխալվելը ևս կարևոր է։ Եթե չենք դիմացել գայթակղությանը ու գնել ենք իրեր, որոնք մեզ հարկավոր չեն, կարևոր է, որ ինքներս մեզ չնախատենք ու չհուսահատվելնք։ Փոխարենը՝ սխալվելը միշտ դիտարկենք որպես փորձ, որն արդեն ձեռք բերեցինք և չէինք ունենա, եթե չսխալվեինք։

Հնարավորությունների սահմաններում ապրելը հայտնի սկզբունք է, որը, ցավոք, հաճախ չի պահպանվում։ Այս մասին հետաքրքիր պատմություն կա․ մի մարդ վաստակում էր 300 դոլար, ողջ ամիս նա ապրում էր՝ ծախսելով ընդամենը 300 դոլար, երբ սկսեց աշխատել 500 դոլար, նրա ծախսերը, ամսվա կտրվածքով, կազմում էին 500 դոլար, իսկ երբ այդ գումարը դարձավ 800 դոլար, մեկ ամսում նրա ծախսերը դարձան արդեն 1․000 դոլար։ Օրինաչափությունը պարզ է չէ՞։

Եվ վերջում ֆինանսական գրագիտության մեջ հայտնի մի կանոն, որով կարող եք կիսվել մեծահասակների հետ։ Կանոնը կոչվում է 50 / 30 / 20-ի օրենքը։ Այն մարդկանց խորհուրդ է տալիս գումարի 50%-ը ծախսել անհրաժեշտ կարիքների ու ծախսերի վրա, 20%-ը՝ ուղղել խնայողություններին ու պարտքերը մարելուն, իսկ մնացած 30%-ը ամենահաճելին է․ այն կարելի է ծախսել զվարճությունների վրա։ Սա անձնական կամ ընտանեկան բյուջե կազմելու ամենահայտնի ռազամավարություններից մեկն է։

Ցուցադրել ավելի
Back to top button