Գիտե՞ք, որ այսօր տոն է բոլոր նրանց համար, ովքեր կոնֆետ շատ են սիրում։ Calend.ru կայքից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 18-ը կոնֆետի համաշխարհային օրն է։ Այն նշում են և կոնֆետի սիրահարները և կոնֆետ արտադրող ընկերությունները։
Իսկ գիտե՞ք, որ շատ հին ժամանկներում կոնֆետը համարվում էր դեղամիջոց։ Դրանք պատրաստվում էին մեղրից, արմավից, ընկույզից և տարբեր սերմերից, որոնք կազդուրիչ հատկություն ունեին։ Ինչ լավ է, որ մեր օրերում կոնֆետ կարող ենք ուտել ինչքան ցանկանանք ու երբ ցանկանանք։ Հատկապես այս եղանակին, երբ առանց պատճառի տխրում ենք ու թախծում, բավական է մի կտոր շոկոլադ ուտենք և ամեն ինչ կարծես իր տեղն է ընկնում․․․
Իզուր չէ, որ ացտեկները՝ Մեքսիկայի հնագույն բնակիչները շոկոլադին անվանել են «Աստվածների սնունդ»։ Նրանք հավատում էին, որ կակաոն աստվածների պարգևն է իրենց։ Կակաոյի սերմերը նրանք փոխանակում էին այլ մթերքների հետ կամ շատ թանկ գնով վաճառում էին։
Մի խոսքով այս քաղցր տոնի առթիվ շնորհավորում ենք բոլորին, որովհետև կարծում ենք, որ չկա մեկը, ով կոնֆետ կամ շոկոլադ չի սիրում։