Եթե գոնե մեկ անգամ ձեր դպրոցը ճանաչողական այց է կազմակերպել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, ապա՝ հավանաբար, այնտեղ առաջինը ձեզ ծանոթացրել են այս կազմակերպության «Կայուն զարգացման նպատակներին»։
Իսկ եթե չեք ունեցել նման հնարավորություն, ուրեմն այսօր միասին կփորձենք ծանոթանալ «կայուն զարգացման» այն 17 նպատակներին, որոնք միտված են լուծելու ողջ աշխարհի առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները։
Քանի որ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին հիմնադրվել է Միավորված ազգերի կազմակերպությունը, ապա լավ առիթ է որպեսզի ծանոթանանք նաև ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներին»։
Նախ՝ աղքատության վերացում։ Պարզ է չէ՞, որ ցանկացած նպատակ, ծրագիր կամ նույնիսկ ցանկալի կրթություն պահանջում է որոշակի ներդրում։ Աղքատության վերացումը կարող է օգնել բարելավելու ազգի ոչ միայն սոցիալական վիճակը, այլև՝ կրթվածության մակարդակը։
Հաջորդիվ, սովի վերացում։ Սա ներառում է նաև գյուղատնտեսության ու առողջ մթերքներ սպառելու գաղափարը։ Հավանաբար շատերս ենք նկատել, որ օր-օրի մարդիկ ձգտում են ավելի առողջ ու սննդարար մթերքներ օգտագործել։
Կայուն զարգացումն ապահովող երրորդ նպատակը նախորդի տրամաբանական շարունակությունն է։ Խոսքը ամուր առողջություն և բարեկեցություն ունենալու մասին է։ Այս նպատակը ներառում է նաև մահացության, տրանսպորտային պատահարների և վտանգավոր կախվածությունների թվի կրճատումը։
Դե իհարկե կայուն զարգացման նպատակը չի կարող չներառել որակյալ կրթություն ունենալու գաղափարը։ Նպատակն է խթանել ներառական ու որակյալ կրթությունը, ինչպես նաև՝ մարդկանց համար ապահովել հնարավորություն՝ ողջ կյանքի ընթացքում ուսանելու։
Գենդերային հավասարությունը ևս տեղ է գտել «Կայուն զարգացման նպատակների» ծրագրում։ Այն հիմնականում աղջիկների ու կանանց համար իրավահավասար պայմաններ ստեղծելուն է ուղղված։ Լավ է չէ՞, որ այսօր մեքենայի ղեկին տեսնում ենք ոչ միայն տղամարդկանց, այլ նաև՝ կանանց, ովքեր շտապում են աշխատանքի, իրենց երեխաներին տանում են դպրոց կամ այլ պարապմունքների։
Կայուն զարգացման 6-րդ նպատակը դուր է գալու բոլոր նրանց, ովքեր շատ են սիրում ջուր խմել։ Նպատակի գաղափարն է՝ բոլորի համար ապահովել մաքուր ջրի ու սանիտարական պայմանների առկայություն։ Ինչպես ասում են, «ջուրը կյանք է», ուստի՝ այն պետք է լինի անվտանգ, մատչելի և բոլորին հասանելի։
Մատչելի և մաքուր էներգիա։ Էներգախնայողության մասին շատերս ենք լսել կամ սենյակի լույսը միացնելու ու անջատել մոռանալու պատճառով՝ մայրիկների կողմից նկատողություն ստացել։ Կայուն զարգացման 7-րդ նպատակն է՝ բոլորի համար ապահովել մատչելի, կայուն, հուսալի ու ժամանակակից էներգիայի հասանելիություն։
Գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ երկրի զարգացման կարևոր գործոնները աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսական աճն են։ Սա կայուն զարգացման 8-րդ նպատակն է։
9-րդ նպատակը մեզ հուշում է, որ պետք է ստեղծվեն նպաստավոր պայմաններ դիմակայուն ենթակառուցվածքների ու արդյունաբերության զարգացման համար։
Մենք գիտենք, որ անհավասարությունը լինում է ոչ միայն մարդկանց , այլ նաև՝ երկրների միջև։ Կայուն զարգացման 10-րդ նպատակը մեզ հուշում է, որ թե՛ երկրից դուրս ու թե՛ երկրի ներսում պետք է կրճատվի անհավասարությունը։
Դուք էլ եք կարծում չէ՞, որ բնական աղետներից հնարավորինս պաշտպանված լինելը շատ կարևոր է։ 11-րդ նպատակի գաղափարն է՝ քաղաքները դարձնել, դիմացկուն, անվտանգ ու կայուն։
Պատասխանատու սպառում և արտադրություն։ Սա կայուն զարգացման 12-րդ նպատակի գաղափարն է։ Այն մեզ հուշում է, որ մենք՝ ինքներս էլ կարող ենք պատասխանատու լինել։ Օրինակ՝ սննդամթերքը կարող ենք սպառել այն քանակով, որքան մեզ անհրաժեշտ է։
Սա վերաբերում է նաև հագուստին ու այլ անհրաժեշտ իրերին։ Ինչո՞ւ գնել այն, ինչը ամբողջությամբ սպառել չկարողանալու կամ այլ պատճառով՝ դեն ենք նետելու, այնինչ՝ մեկ ուրիշը կարող է դրա կարիքն իսկապես ունենալ։
Ողջ մոլորակն այսօր կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի մեջ է։ Ուստի՝ կայուն զարգացման նպատակներից մեկն էլ՝ 13-րդ նպատակը, կրում է «Գործողություն հանուն կլիմայի» գաղափարը։ Նպատակն է՝ ձեռնարկել գործողություններ կլիմայի փոփոխությունների ու դրա թողած ազդեցությունների դեմ։
Դե իսկ 14-րդ նպատակը մեզ հիշեցնում է ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերի և իհարկե ջրային կենդանիների մասին։ Այս հարցում մենք ևս կարող ենք ունենալ մեր փոքրիկ ներդրումը։ Պարզապես պետք է մաքուր պահենք մեր ջրային ռեսուրսները և չնետենք ջուրը պլաստիկը ու աղբի այլ տեսակները․ դրանք վնասում են ոչ միայն ջրային կենդանական աշխարհը, այլև՝ մեր խմելու ջրի պաշարները։
15-րդ նպատակի գաղափարը ևս էկոլոգիան բարելավելու մասին է։ Գաղափարը կայուն անտառներ, հարուստ բուսական աշխարհ և թթվածնով հարուստ կանաչ մոլորակ ունենալն է։
Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ։ Սրանք կայուն զարգացման 16-րդ նպատակի այն կարևոր արժեքներն են, որոնց պահպանումը թույլ կտա ապրել ավելի ապահով մոլորակում։
Եվ վերջում՝ կայուն զարգացման 17-րդ նպատակը․ «Գործընկերություններ հանուն նպատակների»։ Հիմնական գաղափարը գլոբալ գործընկերությունն ակտիվացնելն է և երկրի ներքին ռեսուրսները ուժեղացնելը։
Կայուն զարգացման այս 17 նպատակներն ունեն մեկ ընդհանուր նպատակ․ Երկիր մոլորակում ստեղծել ավելի առողջ, անվտանգ ու որակյալ կյանք։