Լուրեր

Ինչպե՞ս են արցախցի երեխաները աշխարհը «շուռ տալու»

Օրերս հյուրընկալվել էինք «Դիզակ–արտ» մշակութային երիտասարդական կենտրոնում, որն սկսել է իր գործունեությունը 2021 թվականի մարտից և որտեղ Արցախից տեղահանված երեխաները հնարավորություն ունեն զբաղվելու իրենց նախասիրություններով։ Շատ տպավորված ենք կենտրոնի աշխատանքով, տարբեր խմբակներում իրենց նախասիրություններով զբաղվող երեխաների ստեղծագործություններով, այն մթնոլորտով, որը կա այստեղ՝ Դիզակ-արտում։

Կենտրոնի աշխատանքի մասին որոշել ենք մեկ առանձին հաղորդում պատրաստել և ներկայացնել «Զարթուցիչ» ծրագրի առաջիկա թողարկումներից մեկի ժամանակ, իսկ այսօր ուզում ենք ձեզ տեղեկացնել այն ներկայացման մասին, որով վաղը՝ նոյեմբերի 3-ին, հանդես կգան կենտրոնի թատերական խմբի սաները և որին հրավիրում են ներկա գտնվել բոլոր ցանկացողներին։

«Ես շուռ եմ տալիս աշխարհը»․ այսպես է կոչվում ներկայացումը, որի թե՛ սցենարի հեղինակը և թե՛ ներկայացման բեմադրողը խմբի ղեկավար Սրբուհի Բալայանն է։ Սցենարի հիմքում արցախցի երեխաների հիշողություններն են, դերասանները՝ հենց իրենք են, արցախցի տաղանդավոր երեխաները, որոնք հետաքրքրված են դերասանական արվեստով։

Եվ այսպես՝ Ես շուռ եմ տալիս աշխարհը։ Իսկ թե ինչպես են արցախցի երեխաները աշխարհը շուռ տալու, կարող եք պարզել վաղը, եթե երեկոյան ժ․ 19–ին հայտնվեք Խ․ Աբովյան 11, «Փոքր թատրոն» հասցեում։

Ցուցադրել ավելի
Back to top button