Զարթուցիչ

Իսպանիայում այս օրերին անցկացվում է Ձիթապտղի և ձիթապտղի յուղի փառատոնը. Զարթուցիչ

Թե որքան տարբեր տոներ ու փառատոներ են նշվում աշխարհի տարբեր երկրներում, գիտենք բոլորս։ Բավական է թերթել օրացույցն ու համոզվել դրանում։ Դրանք և՛ հետաքրքիր պատմություններ ունեն, և՛ որևէ այլ ազգի մշակույթին ծանոթանալու լավ հնարավորություն են տալիս, երբեմն շատ անսովոր են թվում, երբեմն էլ՝ զվարճալի։

Հետաքրքիր մի տոնակատարության մասին է տեղեկացնում օրացույցի այսօրվա էջը․ «Ձիթապտղի և ձիթապտղի յուղի փառատոնի» մասին։

Սիրու՞մ եք ձիթապտուղ։ Ավելի հավանական է, որ՝ այո։ Եվ, իհարկե, ձեր տան խոհանոցում էլ մայրիկն ու տատիկը, հաստատ, օգտագործում են այս համեղ պտուղը։ Հենց այդ համեղ պտղին, ավելի ճիշտ՝ դրա բերքահավաքի ավարտին  է նվիրվում իսպանական Բաենա քաղաքում այսօր սկսվող և երեք օր տևող փառատոնը, որի հիմքում երախտագիտությունն է առատ բերքին։ Դե, իսկ երախտագետ լինում են նաև երգ ու պարով, ուրախությամբ, առատ սեղաններով, հյուրընկալությամբ։ Այս օրերին Բաենան հազարավոր զբոսաշրջիկների է ընդունում․ հյուրերի, որոնք գալիս են կիսելու բերքի տոնի ուրախությունը։

Իսպանիան հայտնի է ձիթապտղի հարյուրավոր տեսակներով, և ինչպես հայկական խոհանոցն է անհնար պատկերացնել առանց լավաշի, իտալական խոհանոցը՝ առանց պարմեզան պանրի, այնպես էլ իսպանական խոհանոցը՝ առանց ձիթապտղի։ Ինչու՞ է հենց Բաենա՛ն ընտրվել որպես փառատոնի անցկացման վայր։ Բանն այն է, որ հենց այս փոքրիկ քաղաքը ձիթապտղի յուղի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկն է։ Այն նաև անվանում են «Ձիթապտղի իսպանական մայրաքաղաք»։ Այստեղ անգամ «Ձիթապտղի թանգարան» կա։

Ձիթապտղի բերքահավաքն ասես ծիսակատարություն լինի։ Այն արվում է միայն լուսաբացին, որովհետև օրվա շոգը վնասում է բերքին։ Եվ, քանի որ, ինչպես ասում են գիտակները, ձիթապտղի հասուն պտուղները չեն սիրում մարդու ձեռքի հետ շփումը, բերքահավաքի ժամանակ բաց պարկերը դնում են ծառերի տակ, ապա փայտերով հարվածում ծառաբներին, և հասուն պտուղները միանգամից պարկերի մեջ են հավաքվում, որպեսզի մշակվելուց հետո որպես պտուղ, յուղ, դեղամիջոց, հարդարանքի և խնամքի միջոց հայտնվեն մեր տներում։

Հավանաբար գիտեք, որ աշխարհում առաջինը ձիթապտղի յուղ սկսել են ստանալ հին հույները։ Արիստոտելը ձիթապտղի և դրա յուղի օգտակար հատկություններին նվիրված հետազոտությունն առանձնացնում էր որպես առանձին գիտություն, Հիպոկրատն այդ յուղը բուժական նպատակներով օգտագործելու մի քանի մեթոդ էր մշակել, իսկ Հոմերոսն այն անվանում էր հեղուկ ոսկի։

Ցուցադրել ավելի
Back to top button