Մայրիկի դպրոց

Երեք սերունդ մեկ հարկի տակ. Մայրիկի դպրոց

Երեք սերնդով ընտանիքը ոչ շատ հեռավոր անցյալում հայկական ավանդական ընտանիքի հիմնական մոդելն էր։ Այսօր էլ այն գործող մոդել է, ոմանց կարծիքով՝ լավագույնը, ոմանց կարծիքով՝ ոչ այնքան ճիշտ։ Սակայն հոգեբան Արմինե Վարդանյանի հետ մեր այսօրվա զրույցի նպատակն ամենևին մոդելը քննարկելը չէ, այլ անդրադառնալը մի քանի հարցի, որոնք, անկախ այն բանից՝ ճիշտ ենք համարում եռասերունդ ընտանիքը, թե ոչ, երեխաների դաստիարակության, կրթության, նրանց արժեքային համակարգի ձևավորման ընթացքում առաջանում են այդպիսի ընտանիքներում։

Հարց – Եվ այսպես՝ ընտանիքում կա երեք սերունդ, և տատիկն ու պապիկը թոռնիկին վերաբերող որոշ հարցերում համամիտ չեն երիտասարդ ծնողների հետ․ հայրիկն ու մայրիկը նույն խնդրի մեկ լուծում են տեսնում, տատիկն ու պապիկը՝ այլ։

Այսպիսի իրավիճակներում ո՞րն է ելքը մայրիկի համար, որը երեխայի հետ հարաբերություններում իր խոսքի կշիռը կորցնելու վախ ունի։

Ա․Վարդանյան — Սա բարդ խնդիր կարող է լինել երիտասարդ ծնողների համար։ Այստեղ և՛ ծնողների դերն է չափազանց կարևոր, և՛ այն մեծահասակների, որոնց կողքին նորաստեղծ ընտանիքը կայանում է, և շատ լավ կլինի, որ ի սկզբանե, երբ ընտանիքում դերերը որոշակիորեն բաշխվում են, հստակ և երկկողմանի լինի այն գիտակցությունը, որ, այնուամենայնիվ, երեխայի համար պատասխանատվությունը կրում են ծնողները։ Եթե նույնիսկ զուտ իրավաբանական տեսակետից նայենք, ապա պատասխանատուն ծնողներն են, ուստի շատ կարևոր է, որ մեծահասակներն էլ՝ տատիկներն ու պապիկները, այս հարցում փորձեն ընդունել այն իրողությունը, որ երեխայի համար պատասխանատվությունը՝ զարգացման, դաստիարակության, արժեքների յուրացման տեսակետից, ծնողներինն է։

Մյուս կարևոր հանգամանքը, որը կօգնի այդ սահմանները հստակեցնել, հետևյալն է։ Երեխայի համար, որքան էլ որ շատ լավ սոցիալական հմտությունների զարգացման փորձառություն է, երբ ինքը շատ մեծահասակների հետ շփվելու հնարավորություն ունի, մյուս կողմից բավականին բարդ և խրթին կարող է լինել, երբ նույն հարցի շուրջ ընտանիքի մեծահասակներն ունեն տարբեր կարծիքներ և տարակերպ են արձագանքում։ Սա կարող է երեխային խճճել, ինքը չհասկանա՝ ի վերջո, այս մի բանը կարելի՞ է անել, թե ոչ։ Կամ, որ ավելի վատ է, երբ երեխան սկսում է իր վարքը հղկել, հարմարեցնել տվյալ իրավիճակին․ մամայի մոտ սա կարելի է՝ անեմ, տատիկի մոտ չի կարելի՝ չանեմ։ Եվ շատ կարևոր է, որ մենք այս տեսակետից էլ նայենք իրավիճակին, և եթե ունենք որոշակի հաղորդագրություններ երեխային, և դրանք տարբեր են, մենք՝ երեխայի խնամքով զբաղվող մեծահասակներս, հստակեցնենք սահմանները, խոսենք դրանց մասին իրար հետ և երեխային տանք նույն հաղորդագրությունը։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button