Մայրիկի դպրոց

Ամեն ինչ հավելյալ սննդի մասին. Մայրիկի դպրոց

Եթե նորածիններ ունեք և սկսել եք մտածել երեխային հավելյալ սնունդ տալու մասին, արժե լսել հավելյալ սնուցման խորհրդատու, սննդային թերապևտ Սաթինե Բարսեղյանի հետ այս զրույցը։

Հավելյալ սնունդ տա՞լ, թե՞ չտալ, ե՞րբ սկսել հավելյալ սննդի ներմուծումը, ինչպե՞ս տալ, ինչի՞ց սկսել, ի՞նչ չի կարելի տալ որպես հավելյալ սնունդ։ Այս և մի քանի այլ հարցերի պատասխանները կգտնեք զրույցի ընթացքում․․․

Հարց — Ի՞նչ է հավելյալ սնունդը և ինչու՞ է այն հավելյալ, և ոչ թե պարզապես սնունդ։

Ս․ Բարսեղյան — Հավելյալ սնունդն այն սնունդն է, որը տալիս ենք երեխային ի հավելում իր հիմնական սննդին, լինի դա կաթնախառնուրդ, թե մայրական կաթ։ Հավելյալ սնունդն օգնում է երեխային, որ ճանաչի մթերքները, սովորի համերին, տեքստուրաներին, սովորի ծամել, կծել, որ երբ կրծքով կերակրումը կամ կաթնախառնուրդը չբավարարեն, երեխան սովոր լինի այդ մթերքներին և ավելի հեշտ լինի անցումը, ու արդեն սկսի ուտել ընդհանուր սեղանից՝ ծնողների հետ։ Այդ անցումը շատ դանդաղ է տեղի ունենում։ Հավելյալ սնունդը հենց այն փոքրիկ կամուրջն է, որը միացնում է սնվելու երկու տեսակները։

Հարց — Ե՞րբ և ինչպե՞ս է պետք ներմուծել հավելյալ սնունդը երեխայի սննդակարգ։

Ս․ Բարսեղյան — Հավելյալ սնունդը ցանկալի է ներմուծել այն ժամանակ, երբ երեխան ունի հավելյալ սնուցման անցնելուն պատրաստ լինելու նշանները։ Այդ նշաններն ի հայտ են գալիս մոտավորապես 5-7 ամսական կտրվածքում։ Շատերը մտածում են, որ հենց 6 ամսականը լրացավ, պետք է սկսել հավելյալ սնուցումը, բայց՝ ոչ։

Առաջին նշանն այն է, որ երեխան կրկնապատկել է քաշը։ Դա հուշում է մեզ, որ իր ներքին օրգանները պատրաստ են հավելյալ սնունդ ընդունելուն։ Երկրորդը մեծ հետաքրքրությունն է ուտելիքի նկատմամբ։ Դա այն է, որ երբ դուք ինչ-որ բան եք ուտում, երեխան ձգվում է, ուզում է ձեր ձեռքից վերցնել։ Եվ հաջորդ նշանն այն է, որ կարողանում է, թեկուզ մի փոքր աջակցությամբ, նստել։ Այսինքն, երբ մի փոքր հենարան եք ապահովում, ինքը կարողանում է նստել, կողքի չի ընկնում, գլուխը պահում է։ Այս երեքն են այն հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պետք է սկսել հավելյալ սնուցումը։

Հարց — Ի՞նչ չի կարելի տալ երեխային որպես հավելյալ սնունդ։

Ս․ Բարսեղյան — Իհարկե, կան մթերքներ, որոնք չի կարելի տալ երեխային։ Դրանցից մեկը կովի կաթն է՝ որպես ըմպելիք։ Այն կարող է օգտագործվել ինչ-որ թխուկի մեջ, շիլաների մեջ, բայց որպես ըմպելիք՝ ոչ։ Մյուսը, որ չի կարելի տալ մեղրն է, որովհետև կարող է բոտուլիզմ առաջանալ, աղը՝ մինչև մեկ տարեկան և շաքարավազը՝ մինչև երկու տարեկան․․․

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button