Ժպիտը հաճախ ասոցացվում է երկարակեցության ու երջանկության հետ։ Նաև ասում են՝ որքան հաճախ ես ժպտում, այնքան ավելի առողջ ու հաջողակ ես։ Հետաքրքրե՞ց ․․․
Calend.ru-ից տեղեկանում ենք, որ այսօր Ողջույնի համաշխարհային օրն է, և այն նշվում է ամեն տարի։ Հիմնական նպատակն է մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելու խաղաղության և հաղորդակցության կարևորության վրա:
Չէ՞ որ ցանկացած խնդիր կարելի է լուծել և հասնել ցանկալի արդյունքի ոչ թե ուժի կիրառմամբ, այլ՝ դրական, լավ հաղորդակցության միջոցով։
Ողջույնի համաշխարհային օրվա գաղափարը ծնվել է դեռ 1970-ականներին,ավելի ստույգ այն մտահղացել են ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայան Մաքքորմակները 1973 թվականին՝ Սառը պատերազմի ժամանակ, երբ Եգիպտոսի և Իսրայելի միջև հակամարտություն էր ընթանում։
Եղբայրները ոչ ոքի չեն պարտադրել պայքարել հանուն խաղաղության, փոխարենը՝ առաջարկել են նույնպիսի բովանդակությամբ՝ ջերմ ողջույններով նամակներ ուղարկել աշխարհի տարբեր ծայրեր։ Եվ այս գաղափարին, պատկերացրեք, աջակցել են միլիոնավոր մարդիկ ավելի քան 180 երկրից։
Ահա այսպես է ծնվել Ողջույնի համաշխարհային օրվա գաղափարը։
Երբ մեզ որևէ մեկը ողջունում է, մենք սկսում ենք ժպտալ՝ նույնիսկ երբ այդ պահին բարձր տրամադրություն չենք ունենում։ Ժպիտը դրական է ազդում մեր տրամադրության վրա ու նվազեցնում է սթրեսի մակարդակը՝ մեր օրգանիզմում։
Գիտնականներն ասում են, որ այն վարակիչ է, կարծում ենք՝ միակ վարակիչ բանը, որով ցանկալի է, որ բոլորս էլ վարակվենք։
Գիտե՞ք՝ Շվեդիայում մի հետաքրքիր փորձ է արվել, որը ինձ խաղ է հիշեցնում։ Մարդիկ պետք է նայեին ժպտացող մարդկանց՝ միաժամանակ ընդունելով խոժոռված հայացք։ Արդյունքում՝ նրանք մեծ դժվարությամբ էին խոժոռվում, երբ նայում էին ժպտացողներին։ Փորձեք սա ձեր ընկերների հետ և կտեսնեք, որ ժպիտն իսկապես կարող է վարակիչ լինել:
Էլի մի հետաքրքիր փաստ՝ ժպիտի մասին։ Այն լավացնում է ուղեղի աշխատանքը։ Ֆրանսիացի ֆիզիոլոգների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աչքերի և բերանի շուրջ մկանների լարվածությունը, որն առաջանում է ժպտալու ժամանակ, բարձրացնում է ուղեղի աշխատանքի արդյունավետությունը: Մարդը որքան շատ է ժպտում, այնքան նրա ուղեղը ակտիվ վիճակում է լինում։
Ինչո՞ւ է ժպիտը երջանկության ու բարության նշան համարվում։ Եթե տարբեր մշակույթներում ձեռքսեղմումները, գրկախառնությունները և խոնարհումները տարբեր նշանակություն ունեն, ապա՝ ժպիտը հասկանալի է բոլորին և նույն կերպ է ընկալվում ամբողջ աշխարհում։
Գուցե զարմանալի թվա, բայց ժպտալը կարող է մեզ օգնել շատ կարևոր դեպքերում: Նախ այն մեզ ավելի գրավիչ է դարձնում ու ինքնավստահ։
Ամերիկացի հոգեբան և գրող Դենիել Գոլդմանն ասում է, որ կենսուրախ մարդիկ ավելի արտահայտիչ ու աչքի ընկնող են, քան տխուր մարդիկ: Օրինակ՝ դրա շնորհիվ է, որ բիզնեսում նրանք բարձրացնում են իրենց հաճախորդների տրամադրությունը, ինչն էլ հանգեցնում է հաջող գործարքների:
Ու դե իհարկե մենք սովոր ենք ժպիտն ու ծիծաղը ասոցացնել երկարակեցության հետ։ Չէ՞ որ այն դրական է ազդում մարդու ուղեղի աշխատանքի վրա, քանի որ բարելավում է հիշողությունը, մտածողությունը, ինչպես նաև՝ ավելի հաճախ են ի հայտ գալիս նոր գաղափարներ, դրական լիցքեր ու էներգիա։