Զարթուցիչ

Այստեղ ստեղծագործում են արցախցի երեխաներն ու սպասում իրենց նոր ընկերներին. Զարթուցիչ

Այս թողարկմանը մեր ավագ գործընկերներ Լիլի Գևորգյանի և Մարիետա Միքայելյանի հետ կհայտնվենք «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնում և կծանոթանանք կենտրոնի աշխատանքներին։

Երկու տարուց ավելի է, ինչ Երևանում գործում է «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը։ 44–օրյա պատերազմից ամիսներ անց՝ 2021 թվականի մարտի 1–ին, Երևանում՝ Խորենացի 47/7 հասցեում, հադրութցիներ Երազիկ Հայրիյանի, Գայանե Բուդաղյանի և Լիանա Պետրոսյանի նախաձեռնությամբ հիմնվեց «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը, որտեղ իրենց նախասիրություններով զբաղվելու հնարավորություն ստացան Արցախից տեղահանված երեխաներն ու երիտասարդները։

Կարծում ենք՝ գիտեք, որ Դիզակը պատմական Արցախի հինգ մելիքություններից մեկն էր, որի սահմանների մեջ է մտնում ներկայիս Հադրութի շրջանն ու Հադրութ շրջկենտրոնը։ Դե, հադրութցիներն էլ հիմնեցին «Դիզակ Արտը» և մեկ հարկի տակ մայրենի բարբառով խոսելու, ստեղծագործելու, հայրենիքը սրտում պահելու հնարավորություն տվեցին արցախցի երեխաներին և երիտասարդներին։

Ի դեպ, 2023 թվականին «Դիզակ Արտի» մասնաճյուղ է բացվել նաև Աբովյան քաղաքում։

Մշակութային այս կենտրոնում գործում են երաժշտության, պարի, թատերարվեստի, կիրառական արվեստի խմբեր, և խմբակավարներն էլ արցախից տեղահանված մասնագետներ են:

Մեր առաջին զրուցակիցը կենտրոնի տնօրեն Երազիկ Հայրիյանն է։

Երբ այցելեցինք «Դիզակ Արտ», թատրոնի խմբի հերթական դասաժամն էր, և բեմի վրա նոր ներկայացման փորձն էր ընթանում։ Չենք խանգարում, հետևում ենք  փորձին մինչև ավարտը, ապա զրույցի հրավիրում խմբի ղեկավար Սրբուհի Բալայանին և խմբի սաներից Աննային և Արմանին։

Եվ այսպես, հիշեք այս անունն ու հասցեն․ «Դիզակ Արտ» մշակութային կենտրոն։ Այստեղ ստեղծագործում են արցախցի երեխաներն ու սպասում իրենց նոր ընկերներին։

Ցուցադրել ավելի
Back to top button