Լուրեր

Այսօր աշխարհում նշվում է Ջրաներկի միջազգային օրը

Ջրաներկերով նկարել սիրու՞մ եք, կամ գուցե սիրու՞մ էիք, երբ փոքր էիք, կամ գուցե որոշել եք, որ անպայման, երբ էլ լինի, նկարչությամբ զբաղվելու եք և հենց ջրաներկերով եք սկսելու գեղանկարչական ձեր առաջին փորձերը․․․

Նոյեմբերի 23-ը շատ հարմար օր է այդ որոշումն իրագործելու համար․ այսօր աշխարհում նշվում է Ջրաներկի միջազգային օրը։

Համաձայնեք, որ օրացույցում այսպիսի օր ունենալու գաղափարը լավն է, իսկ գաղափարի հեղինակը մեքսիկացի գեղանկարիչ Ալֆրեդո Գուատի Ռոհոն է, որը, ի դեպ, ջրաներկով արված նկարների՝ աշխարհում առաջին թանգարանի հիմնադիրն է։

Լինելով հռչակավոր ակվարելիստ (այդպես են անվանում ջրաներկով աշխատող նկարիչներին), և համոզված լինելով, որ ջրաներկը յուղաներկից ոչ պակաս լավ կարող է աշխարհի ողջ գեղեցկությունը փոխանցել, Ռոհոն 1991 թվականին առաջարկեց ամեն տարի նոյեմբերի 23-ին նշել Ջրաներկի միջազգային օրը։ Առաջարկությունը մեծ արձագանք գտավ, և այդպես միջազգային տոնացույցում հայտնվեց այս սիրուն տոնը՝ Ջրաներկի միջազգային օրը։

Հանեք դարակներում պահված ձեր ջրաներկերը կամ այսօր մի նոր տուփ ջրաներկ գնեք և, դպրոցից տուն գալով, նստեք պատուհանի մոտ ու սկսեք նկարել աշնան հետ։ Աշունը ձեզ գույներ կհուշի, ու դուք ջրաներկերով հրաշքներ կգործեք․․․

Ցուցադրել ավելի
Back to top button