Արդեն 6 տարի է, ինչ Երևանի Մ․ Մաշտոցի անվան մատենադարանում գործում է «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիան։ Այսօր մեր հյուրերը ստուդիայի ուսուցիչ, մանրանկարիչ Լիլիթ Վարդումյանը և նրա սաներ Էդուարդ Թամամյանը, Տաթևիկ Մկրտչյանը և Կարինա Ասլանյանն են։
Հարց – «Ծաղկելու արվեստ» ստուդիան ի՞նչ է առաջարկում իր սաներին։
Լ․ Վարդումյան – Տարբեր տարիքային խմբեր ունենք։
Փոքրիկներն ուղղակի ծանոթանում են, բացահայտում են իրենց համար մանրանկարչությունը, պատկերագրությունը, հետաքրքիր մոտիվները, գունային համադրությունները, թեմաները, նաև այն, թե ինչպես են միջնադարյան ծաղկողներն ամենաանհավանական բաները համադրել հոգևոր բովանդակության հետ, ինչքան ազատ են մտածել, մտքի ինչ անսահման ու համարձակ թռիչք են ունեցել։
Պատանիների հետ ավելի լուրջ մոտեցում է։ Իրենք սկսում են տեխնիկային ծանոթանալ, որը բավականին բարդ է, սովորական չէ․ այն, ինչ դպրոցում կամ այլ խմբակներում սովորում են կերպարվեստի շրջանակներում, շատ տարբեր է մանրանկարչության տեխնիկայից։ Բացահայտում են այդ առանձնահատկությունը։ Աշխատելով, ուսումնասիրելով, ընդօրինակություններ և իմպրովիզացիաներ անելով՝ հմտանում են և անգամ ինքնուրույն մանրանկարներ են ստեղծում, ստեղծագործական աշխատանք են անում։ Եվ այդ աշխատանքը ոչ միայն իրենց ճանաչողական, կրթական բան է տալիս, այլ նաև բնավորություն է ձևավորում, որովհետև մանրանկարչություն անելու համար պետք է ունենալ ծով համբերություն, պետք է ունենալ կատարյալ մաքրասիրություն և շատ մեծ աշխատասիրություն։ Ես տեսնում եմ, որ այդ հատկություններն իրենց մեջ տարիների ընթացքում զարգանում և ամրապնդվում են։
Էդուարդ – Այդ հատկությունները՝ համբերություն, մաքրասիրություն, աշխատասիրություն, նույնիսկ եթե ձևավորված են լինում մեր մեջ, ապա ավելի զարգանում են այստեղ։
Տաթևիկ – Ճիշտն ասած, ես էլ իմ մեջ սկսել եմ նկատել այդ հատկությունները։ Օրինակ, փոքր ժամանակ ունեի շատ նկարներ, որոնք այդպես էլ անավարտ մնացին, բայց հիմա այդպես չէ․ աշխատում եմ բոլոր նկարներս ավարտել, ու հիմա նկատել եմ, որ սկսել եմ ավելի համբերատար վերաբերվել բոլոր այն երևույթներին, որոնց առաջ համբերությամբ չէի վերաբերվում։
Կարինա – Ինձ մոտ այդ որակները չգիտեմ՝ զարգացած են, թե չէ, բայց ես հենց մտնում եմ մեր դասասենյակ, արդեն ամեն ինչի մասին մոռանում եմ, էդ որակներն սկսում են դրսևորվել։ Տանը, դրսում այդպես չէ, բայց հենց մտնում եմ մեր սենյակ, մոռանում եմ ամեն ինչի մասին ու սկսում եմ նկարել համբերատար, մաքրությամբ, աշխատասիրությամբ։
Շարունակությունը՝ զրույցում: