Զարթուցիչ

Համեղ ճաշացանկ՝ նախաճաշի համար․ Զարթուցիչ

Եղել է չէ՞, որ առավոտյան արթնանաք ու վազեք դպրոց, աշխատանքի կամ այլ գործերով՝ առանց նախաճաշելու։ Մինչդեռ նախաճաշը օրվա  կարևոր մաս  է։ Չէ՞ որ այն ուժ է  տալիս, էներգիա, որն անհրաժեշտ է մեզ ողջ օրվա ընթացքում։ 

Համացանցում կարելի է գտնել ուսումնասիրություններ, ըստ որոնց՝ եթե մարդը նախաճաշում է, ուրեմն՝ օրվա ընթացքում նրա արդյունավետությունը 30%-ով բարձրանում է։ 

Եկեք խոսենք նախաճաշի օգտակարության մասին և պարզենք, թե ի՞նչ ազդեցություն ունի այդ փոքրիկ սովորությունը մեր օրգանիզմի վրա։  

Հավանաբար մեզնից շատերը լսել են, որ նախաճաշը վերահսկում է օրվա ընթացքում առաջացող սովի զգացումը։ Ինչպես նաև՝ այն բարելավում է մեր հիշողությունը և ուշադրությունը: Նա, ով կարողանում է առավոտյան նախաճաշել, օրվա ընթացքում ավելի լավ է կենտրոնանում իր աշխատանքի վրա և ավելի լավ է հիշում տեղի ունեցող իրադարձությունները: 

Ասում են նաև, որ նախաճաշը փախուստ է սթրեսից: Այսպիսով, նրանք, ովքեր առավոտյան պարտաճանաչ նախաճաշում են, 50%-ով ավելի դիմացկուն են սթրեսների նկատմամբ, քան նրանք, ովքեր չեն նախաճաշում։ Ընդ որում՝ առավոտյան նախաճաշելու դեպքում՝ ճաշին չափազանց շատ չենք ուտում ու այդպես խուսափում ենք ավելորդ կիլոգրամներից։ 

Եվ վերջում՝ նախաճաշը բարելավում է մեր տրամադրությունը ու տալիս է դրական էներգիա:

Սկսենք շիլայից։ Շիլան համարվում է ամենաառողջ նախաճաշը, թեև շատ քիչ երկրպագուներ ունի։ Փոքրիկ բացահայտում․ շիլան օգտակար է, քանի որ բարդ ածխաջրերի և մանրաթելերի մեծ աղբյուր է ու պարունակում է հսկայական քանակությամբ տարրեր, որոնք մեր օրգանիզմի համար անչափ կարևոր են։  

Բայց մի հուսահատվեք, եթե շիլա չեք սիրում, քանի որ բանջարեղենն ու մրգերը նույնպես օրվա վատ սկիզբ չեն։ Սա հատկապես հարմար է նրանց համար, ովքեր չեն կարող ժամանակ տրամադրել նախաճաշին կամ,  սովորաբար, առավոտյան այնքան էլ լավ ախորժակ չեն ունենում։ 

Ի դեպ՝ սա այն տարբերակներից մեկն է, որը մեզ կարող է օգնել ձևավորել առավոտյան նախաճաշելու սովորությունը։ Այդպես մեր օրգանիզմին կսովորեցնենք, որ այսուհետ մենք ամեն առավոտ նախաճաշելու ենք, և կզգանք, որ աստիճանաբար   առավոտյան ախորժակ ենք ունենում։ 

Այսպիսով, մրգերն ու բանջարեղենը առավոտյան մեզ կապահովեն անհրաժեշտ քանակությամբ վիտամիններով ու մանրաթելերով, ինչպես նաև՝ կբարելավեն մարսողությունը: Ընդ որում՝ կարող ենք ինքնուրույն արագ պատրաստվող ուտեստ ստանալ։ 

Օրինակ՝ կարող ենք պատրաստել մրգային կամ բանջարեղենային աղցան, կամ էլ՝ մրգերն ավելացնել շիլային և ունենալ վիտամիններով հարուստ, համեղ ու հագեցնող նախաճաշ։ 

Բայց հիշենք, որ ցանկալի է առավոտյան խուսափել թթվայնություն ունեցող մրգերից։ Փոխարենը նախապատվությունը կարելի է տալ բանանին, խնձորին կամ այլ մրգերի։  

Եվ վերջում՝ մեր ճաշացանկը եզրափակենք սենդվիչով։ Այո՜,  մի զարմացեք, սենդվիչը ևս օգտակար է, եթե «ճիշտ» սենդվիչ է։ Եթե չենք սիրում հացով ու կարագով համեղ սենդվիչ ուտել, որին կարող ենք ավելացնել մուրաբա կամ մեղր, ապա՝   կարող ենք այն փոխարինել մեկ այլ սննդարար սենդվիչով։

Վերցնում ենք մի կտոր հաց, վրան դնում մեկ կամ երկու շերտ լոլիկ ու վարունգ, ցանկության դեպքում՝ ավելացնում ենք հազարաթերթիկի մի երկու շերտ, որ ավելի նմանվի սենդվիչի, ու կստանանք համեղ ու առողջ նախաճաշի լիովին ընդունելի տարբերակ:

Ցուցադրել ավելի
Back to top button