Զարթուցիչ

Ձյունն իրականում սպիտակ չէ՞․․․ Զարթուցիչ

Ձմեռը մեր սիրելի եղանակն է: Ձմռան առաջին շաբաթը, ուր որ է կավարտվի, այնքա՜ն ենք ուզում, որ արդեն ձյուն գա։ Կռահում եք չէ՞, որ մեր այսօրվա թեման ձմեռային է լինելու։ Հետաքրքրե՞ց ․․․ 

Այսպիսով, ձմռան ամիսների մասին մեր պատկերացումները միշտ չէ, որ համընկնում են իրականությանը։ Օրինակ՝ մենք ձմռան ամիսներ ենք համարում դեկտեմբերը, հունվարն ու փետրվարը, իսկ հարավային կիսագնդում ձմեռային ամիսներն են հունիսը, հուլիսը և օգոստոսը։ 

Այնպես, ինչպես մարդիկ են տարբերվում իրարից, այնպես էլ ձյան փաթիլներն են։ Դրանք երբեք միանման չեն լինում։ Պարզել ենք, որ շատ հետազոտություններ են արվել, բայց միանման փաթիլի զույգ երբևէ չի հայտնաբերվել։

Ի դեպ՝ ձյան միջով քայլելիս այդ հաճելի ճռռոցը լսել եք, չէ՞։ Իսկ գիտե՞ք, թե ինչու է այդպիսի ձայն լսվում։ Իրականում դա ձյան փաթիլների սառած բյուրեղների կոտրվելու ձայնն է։  

Ի՞նչ եք կարծում, ձյունն ի՞նչ գույն ունի։ Ձյունը իրականում սպիտակ չէ։ Առաջին հայացքից, գուցե, տարօրինակ թվա, բայց ձյունը ոչ թե սպիտակ է, այլ՝ կիսաթափանցիկ։ Ուղղակի ձյան նստվածքը ստանում է փոքրիկ սառցե բյուրեղների տեսք ու սպիտակ է թվում դրանցից արտացոլած արևի լույսի պատճառով։  

Ի դեպ՝ խոսեցինք ձյան մասին, բայց դեռ չենք խոսել ձնեմարդի մասին։ Օրինակ՝ այսօր դժվար է գտնել որևէ մեկին, որը ձնեմարդ երբևէ չի պատրաստել, բայց քչերին է հայտնի, որ մեզ համար այդ զվարճալի խաղը հնում այլ նշանակություն է ունեցել․ մարդիկ հավատացել են, որ իրենց պատրաստած ձնեմարդերը մեղմելու են ցրտաշունչ ձմեռը։

Մի կողմից տարվա այս եղանակին զգում ենք ուրախություն ու ոգևորվածություն, բայց մյուս կողմից էլ՝ ձմռան սառը ու տեղ-տեղ մռայլ օրերը, կարծես, վերցնում են մեր ողջ էներգիան։ Դե մենք էլ ոչինչ չենք ուզում անել ու սկսում ենք ծուլանալ։ Ծանոթ իրավիճակ է, չէ՞։ 

Ի՞նչ անել, երբ զգում ենք, որ ծուլության պատճառով՝ անտեղի վատնում ենք ժամանակը։ Սկսենք նրանից, որ ծուլությունը գլուխ է բարձրացնում այն ժամանակ, երբ սկսում ենք դժվարությամբ կենտրոնանալ։ Հիշում եք չէ՞, որ կենտրոնացումն ու էներգիան հաջողության հասնելու հիմնական սկզբունքներից են։ Դրա համար պետք է նախքան քնելը աղյուսակի տեսքով թղթի վրա գրել կարևոր անելիքները։ 

Առավոտյան՝ երբ արթնանանք, մենք հստակ կպատկերացնենք, թե ինչ անելիքներ ունենք, ու ինչից է պետք սկսել։ Ամերիկյան գրող և փիլիսոփա Ռիչարդ Բախը, իր «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» գրքում, իզուր չի գրել, «Երբ գիտես, թե ինչ ես անում, միշտ հաջողվում է»։ Իսկ անգամ ամենափոքր հաջողությունների դեպքում՝ մենք ոչ միայն հաղթում ենք ծուլությանը, այլև՝ ոգեշնչվում ենք և ստեղծում՝ ներքին ռեսուրսներ։ 

Ծուլությանը կարելի է հաղթել նաև մի փոքր խորամանկելով։ «Պոմոդորոյի էֆֆեկտ»-ի մասին լսե՞լ եք։ Մեզնից ուղղակի պահանջվում է ընդամենը 25 րոպե մեր գործով զբաղվել և 5 րոպե՝ հանգստանալ։ Այսպես մեր ուղեղը կհավատա, որ շատ քիչ ժամանակ է մնացել աշխատելու համար, և մոտակա րոպեներին մենք կկարողանանք հանգստանալ։ Հաջորդաբար 2-ից 3 անգամ այս հնարքը կիրառելու դեպքում՝ կարող ենք ավարտին հասցնել մեր գործերի մեծ մասը։ 

Հաջորդ տեխնիկան կոչվում է ծրագրավորում։ Շուտով ձմեռային արձակուրդ է։ Ինչո՞ւ նախապես չծրագրենք մեր հանգստի ու այլ գործերի ռեժիմը։ Դա կօգնի արձակուրդի ընթացքում ոչ միայն չծուլանալ, այլև՝ միշտ հունի մեջ լինել։ Դե իսկ դասերի սկսվելու ժամանակ էլ՝ ավելորդ լարվածություն չենք զգա։

Ցուցադրել ավելի
Back to top button