Զարթուցիչ

Ինչպե՞ս անցկացնել ձմեռային հանգիստը․ Զարթուցիչ

Ձմռան շունչն արդեն տարածվել է քաղաքով մեկ։ Մնում է, որ ձյուն գա, որին մենք օր-օրի ավելի անհամբեր ենք սպասում։ Իրականում, մի կողմից լավ է, որ շուտով զգալու ենք Ամանորի շունչն ու մնալու ենք տանը, բայց մյուս կողմից էլ՝ երբեմն սկսում ենք ձանձրանալ, այնպես չէ՞… 

Այսպիսով, ինչպե՞ս ձմեռային արձակուրդի օրերը, միաժամանակ, և՛ հաճելի, և՛ օգտակար դարձնենք: 

Նախ առաջարկում ենք վերցնել մի նոթատետր, որում կարող ենք գրի առնել այն նպատակները, որոնք նախատեսում ենք իրագործել նոր սկսվող տարում։ Օրինակ՝ ամեն ամիս կարդալ 1-2 գիրք, ողջ տարին ունենալ բարձր առաջադիմություն, ձեռք բերել նոր ընկերներ, ամռան, նախքան որևէ երկիր մեկնելը, նախ բացահայտենք Հայաստանի դիտարժան, գողտրիկ անկյունները։ Մի խոսքով՝ այդ նոթատետրում կարող ենք գրել մեր անելիքների, մեծ ու փոքր ցանկությունների, ինչու չէ՝ նաև զգացողությունների մասին։ Սա  մեր ուղեղին կօգնի հանգստյան օրերին չքնել ու  չծուլանալ։ 

Հաջորդիվ, հանգստյան օրերը օգտակար անցկացնելու համար կարող ենք կարդալ որևէ գիրք, դե իսկ մենք կարող ենք օգնել այդ հարցում։ Օրինակ՝ ձմռանը կարդալու համար մեր սիրելի գրքերից է «Հարրի Փոթեր»-ը: Ձմեռային արձակուրդներին  ծածկվում ես տաք և փափուկ վերմակով, կողքիդ դնում տաք շոկոլադ ու կոնֆետներ և կարդում ես այս հրաշքներով լի գիրքը: 

Խորհուրդ ենք տալիս կարդալ նաւ Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը»: Գիրքը համամարդկային արժեքների մասին է։ Ներկայացված է շատ հետաքրքիր. տղան ճանպարհ է ընկնում՝ հանդիպելով բազում խոչընդոտների, սակայն, ի վերջո, կարողանում է հասնել իր նպատակին։ Հատկապես սիրելի է գրքի այս տողը. «Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը»:

Ձմեռային արձակուրդը ոչ միայն նրա համար է, որ հանգստանանք, այլ նաև՝ կարողանանք տանեցիների հետ ավելի շատ ժամանակ անցկացնել: Օրինակ՝ ինչո՞ւ չզարմացնել նրանց՝ որևէ համեղ բան պատրաստելով։ 

Դե էլ ինչ ձմեռային հանգստյան օրեր՝ առանց ամանորյա ֆիլմերի։ Խորհուրդ ենք տալիս դիտել Ֆրեդ Կլաուսը։ Ի տարբերություն Սանտա Կլաուսի մասին պատմող այլ ֆիլմերի՝ այս ֆիլմը տարբերվում է նրանով, որ գլխավոր դերում Սանտայի եղբայրն է՝ Ֆրեդը։ Ֆիլմը պատմում է երկու եղբայրների, նրանց վեճերի ու իհարկե հաշտության մասին։ Այն և՛ զվարճալի է, և՛ ուսուցողական, ուրեմն՝ եթե դեռ չեք դիտել, ապա՝ ձեր անելիքների ցանկում ավելացրեք Ֆրեդ Կլաուսի ֆիլմը։

Հա․․․մեկ էլ  չմոռանանք ֆիզիկական ակտիվության մասին։ Սահադաշտում սահելը կօգնի հաճելի զգացողություններ ունենալ և հնարավորություն կտա ժամանակ անցկացնել ընկերների կամ ընտանիքի անդամների հետ։ Դե իսկ, մի երկու անգամ ընկնելն այնքան էլ վախենալու չէ, նույնիսկ՝ զվարճալի է: 

Ցուցադրել ավելի
Back to top button