Զարթուցիչ

Ռադիոուղևորություն դեպի «Հեղինակային տիկնիկների ամանորյա ցուցահանդես»

Գիտենք, որ դպրոցում այսօր բոլորիդ էլ լուրջ գործեր են սպասում՝ թեմատիկ գրավորներ, նախագծային աշխատանքի վերջին խմբագրումներ և էլի շատ գործեր, որոնք հատուկ են կիսամյակի ավարտին։

Գուցե մի քիչ ավելի լարված եք այսօր դպրոց գնում, գուցե նույնիսկ՝ մի քիչ անտրամադիր, որովհետև շատ վստահ չեք ձեր ուժերին․․․Եվ դա, իհարկե, սխալ է, որովհետև չափից ավելի լարվածությունը չի կարող օգտակար լինել, իսկ, օրինակ, բարձր տրամադրությունը շատ կարևոր գործոն է դժվարությունները հաղթահարելու համար․․․Ե՞վ․․․ ինչպե՞ս բարձրացնենք ձեր տրամադրությունը․․․

Առավոտյան կարճատև ռադիոուղևորությամբ դեպի մի վայր, ուր արդեն ժամանել է Նոր տարին։

Այդ վայրը Երևանի պատմության թանգարանն է․ այստեղ երեկ՝ դեկտեմբերի 13-ին,բացվեց «Հեղինակային տիկնիկների ամանորյա ցուցահանդեսը»։

Մեր ծրագրի լավ բարեկամ, Երևանի պատմության թանգարանի էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինա Խաչմանուկյանը մեզ՝ Ռադիո Արևիկի պատանի լրագրողներիս, ցուցահանդեսի բացումից մեկ օր առաջ հյուրընկալեց թանգարանում։ Եվ ստացվեց այնպես, որ մենք դուրս եկանք դպրոցից և հայտնվեցինք Նոր տարվա մեջ․․․

Այսպիսի՝ ամանորյա ցուցադրություն, առաջին անգամ չէ, որ կազմակերպվում է Երևանի պատմության թանգարանում։ Այս մեկն էլ և՛ ավանդույթի շարունակություն է, և՛ նորություն, որովհետև ցուցադրությանը նոր հեղինակների նոր աշխատանքներ են ներկայացված։ Ավելի ճշգրիտ լինելու համար ասենք, որ ցուցահանդեսին մասնակցել է մոտ 14 տիկնիկագործ, և ներկայացված է մոտ 40 աշխատանք։

Ցուցահանդեսի և մեր տպավորությունների մասին մենք, իհարկե, կարող ենք երկար պատմել, բայց, ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ աչքով տեսնել, քան լսել․ այնպես որ՝ գնացեք Երևանի պատմությքան թանգարան՝ աչքով տեսնելու Հեղինակային տիկնիկների ամանորյա ցուցահանդեսը և հանդիպելու Նոր տարուն։

Ցուցադրել ավելի
Back to top button