Զարթուցիչ

Վարժություն՝ տարին ամփոփելու համար․ Զարթուցիչ

Այս օրերին, երբ առավոտյան ստիպված ենք արթնանալ, իսկ դրսում դեռ մութ է, անկողնուց վեր կենալն այնքան դժվար է, որ կարծես բնության հետ պայքար հիշեցնի։ Այն էլ այսօր, երբ երկուշաբթի է, իսկ շաբաթ-կիրակին էլ շա՜տ հեռու․․․  

Այսօր խոսելու ենք տարին ինքնուրույն ամփոփելու, վերլուծելու ու նոր նպատակներ կազմելու մի օգտակար մեթոդի մասին, որը կօգնի տարին սկսել ու ավարտել՝ ավելի արդյունավետ։

Նախ եկեք հասկանանք, թե ինչո՞ւ է սա կարևոր։ Երբ մենք ամփոփում ենք տարին ու վերլուծում ենք ողջ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, դա օգնում է հասկանալ, թե ի՞նչն է մեզ դուր եկել, ինչը՝ ոչ, ի՞նչ դասեր ենք քաղել ու ի՞նչ ենք պլանավորում անել գալիք տարում։  

Եթե նախկինում երբեք չեք փորձել այս վարժությունը, ապա՝ մինչև Ամանորը փորձեք այն կատարել։ Կարծում ենք, որ տարբերությունն անմիջապես կզգաք։

Այսպիսով, երբևէ մտածե՞լ եք, թե որքան ժամանակ ենք անցկացնում վիրտուալ աշխարհում։ Երբեմն թվում է, որ երբ դպրոցն ավարտենք, այլևս այսքան չենք գրելու։

Դե․․․ սա ծայրահեղ է հնչում, բայց մոտ է ճշմարտությանը։ Ես առաջարկում եմ, որ մեզ համար մտքերը թղթին հանձնելը սովորություն դարձնենք։ Ի դեպ՝ այն վարժությունը, որին այժմ միասին ծանոթանալու ենք, կարող է այս նոր ու օգտակար հոբբիի լավագույն սկիզբը լինել։

Այնպես որ, վերցրեք թուղթ ու գրիչ և հարմար տեղավորվեք, քանի որ այժմ սկսում ենք գրել։

Նախքան կկազմենք գալիք տարվա նպատակների քարտեզը, պետք է ամփոփենք տարին։ Փորձեք հիշել և համառոտ գրել, թե տարին ինչպես սկսվեց․ ի՞նչ հետաքրքիր դեպքեր տեղի ունեցան, արդյո՞ք  նոր ընկերներ ձեռք բերեցինք կամ դպրոցում  առաջադիմություն ցուցաբերեցինք։ Դե հա, գուցե վերջում մի քիչ ցավոտ հարցի անդրադարձա, բայց համաձայնեք, որ կարևոր է։ 

Ամփոփելուց հետո փոքրիկ պարբերությամբ փորձեք որևէ գնահատական տալ։ Տարին արդյունավե՞տ է եղել, թե՞ հիմնականում ունեցել ենք ժամանակի կորուստ։ Հիշեք, շատ կարևոր է, որ ինքներս մեզ հետ ազնիվ լինենք։

Ամփոփելուց հետո ժամանակն է գծել նպատակների քարտեզը, որը մեզ ուղեկցելու է գալիք տարվա ընթացքում։ 

Եվ․․․վերցնում ենք մեկ այլ թուղթ ու մտովի բաժանում՝ չորս մասի։ 

Առաջին մասում գրում ենք այն նպատակներն ու ծրագրերը, որոնք անձնական են։ Օրինակ՝ ուզում ենք փոխել մեր վարվելակերպը, լինել ավելի շփվող կամ գուցե ուզում ենք կանոնավոր հաճախել որևէ սպորտաձևի։ 

Երկրորդ մասում գրում ենք այն անելիքները, որոնք կօգնեն նոր հմտություններ ձեռք բերել։ Օրինակ՝ դպրոցում ցուցաբերել բարձր առաջադիմություն, հաճախել պարապմունքների, սովորել օտար լեզու, խորացնել մաթեմատիկական գիտելիքները, ողջ տարին պարբերաբար մասնակցել դասընթացների։

Երրորդ մասում գրում ենք մեր այն երազանքները, որոնք կարծում ենք, որ հեռու են նպատակներ դառնալուց: Ասում են, որ երազանքները՝ այն էլ Ամանորից առաջ, թղթին հանձնելը, լավ ավարտ է ունենում: Դե իսկ չորրորդ մասում գրում ենք այն մտքերը, որոնք ամեն անգամ աչքի անցկացնելիս մեզ կտան մոտիվացիա ու էներգիա՝ առաջ շարժվելու համար: 

Ողջ տարվա համար նախատեսված մեր նպատակների քարտեզը արդեն պատրաստ է։ Իհարկե այն յուրաքանչյուրիս մոտ տարբեր տեսք ունի։ Կարևոր է, որ պարբերաբար բացենք ու կարդանք մեր նպատակները, քանի որ այդպես գրեթե միշտ կլինենք կենտրոնացած և կիմանանք, թե որ ուղղությամբ շարժվենք։

Դե․․․ իսկ տարվա ավարտին մենք հստակ կտեսնենք, թե ինչ նոր արդյունքներ ենք գրանցել, ու, ինչու ոչ, մեզնով կհպարտանանք։ 

Ցուցադրել ավելի
Back to top button