Մայրիկի դպրոց

Անուշ քուն՝ Նոր տարվա գիշերը․ Մայրիկի դպրոց

Մեր հյուրը հոգեբան, մանկական քնի մասնագետ Էմմա Արզիևան է, իսկ մեր այս զրույցը երեխաների քնի ռեժիմների մասին է։ Նաև անդրադառնալու ենք այն հարցին, թե ինչ պետք է անեն մայրիկները, եթե անհրաժեշտություն է առաջանում սահմանված ռեժիմում  փոփոխություններ անելու, և թե երեխայի անհատական ռեժիմն ու ընդունված ռեժիմն ինչպես կարող են «համագործակցել»։

Ի դեպ, սիրելի՛ մայրիկներ, եթե դուք էլ շատերի նման կարծում եք, որ կարևորը ոչ թե տարիքին համապատասխան ռեժիմով նախատեսված ժամին երեխային քնեցնելն է, այլ այն, որ նա, ասենք, քնի իր համար սահմանված 12 ժամը, արժե որ լսեք այս զրույցը։ Եվ, իհարկե, նաև այն դեպքում անպայման լսեք, եթե որոշել եք, որ ձեր բալիկը Նոր տարվա գիշերը պետք է դիմավորի արթուն և ողջ ընտանիքի հետ։

Է․ Արզիևա – Հաճախ ծնողները, որպես հակափաստարկ, ինձ ասում են․ «Եթե երեխան պետք է քնի 10–12 ժամ, ի՞նչ տարբերություն, թե երբ կքնի․ ժ․20–ից 8–ը՞, թե՞ ժ․24–ից 12–ը»։ Ես ասում եմ, որ տարբերությունը շատ մեծ է, որովհետև երեխան կարող է քնել իր 12 ժամը, բայց քնից վերականգնված չարթնանա, այլ արթնանա տխուր, նվնվան, ոչ այդքան լավ տրամադրությամբ։ Ինչու՞ է կարևոր շուտ սկսել գիշերային քունը․ որովհետև երեկոյան ժ․19–ից ժ․21–ի հատվածում երեխաների մոտ, արդեն 7–8 շաբաթականից սկսած, սեփական մելատոնինն է արտադրվում, և երեկոյան ժամերը, որ բաց ենք թողնում, երեխային չենք տանում քնելու, ինքը հանգստացնող, վերականգնող քունը չի ունենում․ մենք բաց ենք թողել  ամենավերականգնող քնի մուտքը։

Հարց – Մոտենում է Նոր տարին։ Անգամ ամենախիստ քնի ռեժիմով ապրող ընտանիքներում  Նոր տարին փոփոխություներ բերում է, Նոր տարվա գիշերը՝ հատկապես։ Նորածիններին դեռ կարելի է քնեցնել հենց այն ժամին, երբ պետք է, բայց, օրինակ, նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների քունը վերահսկելն այս օրերին դժվար է։ Ի՞նչ անենք․ թույլ տանք, որ Ամանորի գիշերը երեխաները դիմավորեն Ձմեռ պապին, Նոր տարին, քնի ռեժիմը խախտենք․․․

Է․Արզիևա – Շատ գայթակղիչ առաջարկություններ եք անում, բայց հավատացած եղեք, որ երեխայի համար ամենալավ նվերը կլինի առողջ քունը։ Եվ՝ ոչ միայն երեխայի համար, նաև ծնողների համար, որպեսզի չբախվեն քնկոտ, կամակոր վիճակներին, որովհետև եթե երեխան քնած չէ կամ վատ է քնել, նա չհամագործակցող է․․․

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button