Դեկտեմբերի 20-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում ռեժիսոր Լիլի Էլբակյանի բեմադրած «Բալերինա» ներկայացման առաջնախաղն էր։
Եթե դիտել եք համանուն մուլտֆիլմը, ուրեմն գիտեք, որ սա պատմություն է մանկատնից փախած մի որբ աղջկա՝ Ֆելիսի մասին, որը երազում էր բալետի պարուհի դառնալ և հենց իր երազանքի հետևից եկել էր Փարիզ։
Նույն պատմությունն է, բայց այս անգամ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում, դերասանական ուշագրավ կազմով և ստեղծագործական մեծ ու հմուտ թիմի կողմից կյանքի կոչված։
Մեր գործընկերներից Արամիդան հնարավորություն ուներ ներկա գտնվելու ներկայացման առաջնախաղին նախորդած գլխավոր փորձին և մեզ էլ կպատմի իր տպավորությունների մասին։
«Չգիտեմ՝ երբևէ ներկա եղել եք որևէ ներկայացման վերջին՝ գլխավոր փորձին, թե չէ, բայց դա, իհարկե, շատ հետաքրքիր զգացողություն է։ Մի կողմից՝ դա արդեն ավարտուն ներկայացումն է, մյուս կողմից՝ դեռ մի քիչ աշխատանքային վիճակ, որի մեջ նաև դու ես։
Այդ հետաքրքիր զգացողությունն ունեցա ես՝ դեկտեմբերի 18-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում «Բալերինա» ներկայացման գլխավոր փորձին ներկա գտնվելով։
Վարագույրը բացվեց, հնչեց երաժշտությունը և սկսվեց բալետի պարուհու շատ սիրուն պատմությունը, որին, հավանաբար ծանոթ եք համանուն մուլտֆիլմից։ Հենց սկզբից ուշադրությունս գրավեց ներկայացման մեջ տարեկիցներիս ներգրավվածությունը: Երեխաները այնքան համահունչ էին իրենց կերպարներին, ու ինձ հանկարծ թվաց, թե ինքս էլ հայտնվեցի իրենց պատմության մեջ: Ներկայացումը կարգախոս ունի․ «Հետևիր քո երազանքներին և դրանք անպայման կիրականանան»: Ներկայացման ավարտից հետո հարցեր ունեի, որոնցով դիմեցի Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին, «Բալերինա» ներկայացման բեմադրման ռեժիսոր Լիլի Էլբակյանին և գլխավոր դերակատարուհուն՝ Էլմիրային։
Անպայման գնացեք դիտելու այս սիրուն ներկայացումը, որը թե՛ մեծերի և թե՛ փոքրերի համար է» — նշում է մեր պատանի թղթակից Արամիդան: