Զարթուցիչ

Ինչպե՞ս պատրաստվել Ամանորին. Զարթուցիչ

Այսօր ձեզ կպատմենք Ամանորին պատրաստվելու ու երազանք պահելու մի քանի ձևերի, ինչպես նաև՝ սնունդն անտեղի վատնելու հետևանքների մասին:

Եկեք մի պահ պատկերացնենք ․․․ արթնանում ենք ու առավոտյան տանն ենք, սեղանին  տարատեսակ ուտեստներ ու հյութեր են դրված, դե իսկ մենք էլ ոչինչ չունենք անելու։ Ամբողջ օրը կարող ենք մնալ տանը, ֆիլմ նայել, հանգստանալ։ 

Իսկ հիմա պատկերացնենք, որ այդ ամենը շատ շուտով իրականություն է դառնալու։ 

Չմոռանանք նաև, որ մեր երազանքները ևս կարող են իրականություն դառնալ, մնում է՝ Ամանորի գիշերն իսկապես երազանք պահել ու հավատալ, որ այն կիրականանա։

Իսկ այժմ ամենասպասված նորությունը։ Ուշադրությո՜ւն․․․ Ամանորին շատ քիչ է մնացել։ Մի քանի օրից հրաժեշտ կտանք հին տարվան ու կդիմավորենք Նոր տարին՝ նոր երազանքներով ու նպատակներով։ 

Ի դեպ՝ երազանքների մասին ․․․ մենք որոշել ենք պատմել, թե ինչպես կարող ենք պատրաստվել Ամանորին, այն ավելի տպավորիչ դարձնել ու պահել երազանքներ, որոնք կարող են իրականանալ։ 

Առաջարկում եմ սկսել նախապատրաստական աշխատանքներից։ Կարևոր է, որ Ամանորի գիշերը տանը ջերմ մթնոլորտ տիրի, և բոլորն իրենց լավ զգան։ Սա նշանակում է, որ չպետք է մայրիկներին ու հայրիկներին թույլ տալ, որ ուժսպառ լինեն։ Փոխարենը՝ կարող ենք օգնել անգամ ամենափոքր գործերում։ Օրինակ՝ խնդրենք, որ թույլ տան կտրատել աղցանի համար նախատեսված բաղադրիչները։

Իհարկե կարող ենք օգնել նաև մաքրության հարցում։ Առնվազն կարող ենք կարգի բերել մեր սենյակը։ Թվում է, թե փոքրիկ օգնություն է, բայց անչափ կարևոր է։ 

Հիմա մի բան ենք ասելու, որը ոչ բոլորիս դուր կգա։ Այսպիսով, կարևոր է, որ գոնե դեկտեմբերի 31-ին ամբողջությամբ հրաժարվենք համացանցից, ինչպես նաև՝ հեռախոսներից ու համակարգիչներից։  

Այսպես մենք կլինենք ավելի ուշադիր և տեղում կարձագանքենք, երբ տանը մեր կարիքն զգան։ Էլ չասենք, թե տարիներ հետո ինչքան հաճելի է լինելու հիշել այդ նախաամանորյան իրարանցումը։ 

Դե իհարկե չենք կարող չխոսել նաև Ամանորի գիշերը երազանք պահելու մասին։ Ասում են, որ այդ երազանքներն իսկապես իրականանում են։ Եկեք պարզենք, թե երազանք պահելու ի՞նչ ձևեր կան։ 

Նախ խոսենք «Հրեշտակի մեթոդ»-ի մասին։ Պետք է պատրաստել թղթե հրեշտակ։ Թղթի վրա նկարեք հրեշտակին, այնուհետև այն մկրատով կտրեք այն, Ամանորի գիշերը երազանք պահեք ու  հրեշտակին դրեք բարձի տակ։ 

Հաջորդը, կարող եք առանձնացնել տոնածառի որևէ սիրելի խաղալիք։ Իսկ Ամանորի գիշերը երազանք պահել, ու խաղալիքը կախել տոնածառից։ 

Եվ վերջում՝ առավել տարածված ձևերից մեկը։ Պարզապես միմյանց շնորհավորելուց հետո՝ նստեք ու թղթի վրա գրեք ձեր երազանքը։ Մտքերը թղթին հանձնելը օգնում է, որ դրանք նյութականանան, այլ կերպ ասած՝ իրականանան։ Այդ թուղթը ևս կարող եք պահել բարձի տակ, եթե չեք ուզում, որ ձեր երազանքը որևէ մեկի ձեռքն ընկնի։

Այսքանը Ամանորին պատրաստվելու ու Նոր տարվա գիշերը երազանք պահելու մասին, իսկ այժմ  ֆուդվեսթի՝ սնունդը անտեղի վատնելու մասին։

Դե, ինչպես արդեն գիտենք, ֆուդվեսթը սննդի վատնումն է։ Այս խնդրին բախվում ենք գրեթե ամեն օր, հատկապես՝ Ամանորին։ Երբեմն տանը ուտեստները պատրաստվում են այնքան շատ, որ դրանք չեն հասցնում սպառվել, արդյունքում՝ արդեն ուտելու համար անպիտան այդ սնունդը մենք դեն ենք նետում։

Այնինչ՝ կարող ենք այնքան մթերք գնել խանութից, ինչքան  անհրաժեշտ է։ Ուտեստը պատրաստել այն քանակով, որքան  կկարողանանք սպառել։ Սա կօգնի ոչ միայն խուսափել սննդի վատնումից, այլ նաև՝ խնայել ընտանեկան բյուջեն։ 

Երբ տեսնում ենք, որ ուտեստը կարող է փչանալ, իսկ մենք չենք ուզում կամ չենք կարողանում այն ամբողջությամբ վերջացնել, ապա՝ կարող ենք այդ ուտեստով կերակրել դրսում ապրող շներին ու կատուներին։ Եվ վերջում՝ չմոռանանք նաև թռչուններին կերակրելու մասին։ Ձմռան սառը օրերին, ինչպես շներն ու կատուները, թռչունները նույնպես խոցելի են։ 

Այսպիսով, Ամանորին քիչ է մնացել։ Ուստի՝ սկսենք նախապատրաստել տանեցիներին, որ սննդի վատնումից պետք է հնարավորինս խուսափել, իսկ ավելացած սննդի հետ՝ ճիշտ վարվել։ 

Ցուցադրել ավելի
Back to top button