Մայրիկի դպրոց

Տոնը կախարդանք ունի. Մայրիկի դպրոց

2023 թվականի այս վերջին հաղորդման ընթացքում ամփոփում ենք անցնող տարին։ Ողջ տարվա ընթացքում մեզ իրենց խորհուրդներով, զրույցներով, բացահայտումներով օգնել են հոգեբաններ Լուսինե Աղաբեկյանն ու Արմինե Վարդանյանը, հոգեբան, լոգոպեդ, մանկական քնի մասնագետ Էմմա Արզիևան, սննդային թերապևտ Սաթինե Բարսեղյանը։ Տարեվերջյան հաղորդումը այս հրաշալի մասնագետներին մեկ հարկի տակ ընդունելու և նրանց հետ տարին ամփոփելու, նաև նրանց մաղթանքները լսելու լավ առիթ է։

Լ․Աղաբեկյան — Երևի թե՝ կարող ենք արդեն սկսել միմյանց շնորհավորել։ Շատ կուզենամ, որ արձակուրդի այս ժամանակահատվածն իսկապես օգտագործենք ընտանեկան պահեր ու երեխայի հետ որակյալ շփում ունենալու համար։ Հենց դա’ եմ ուզում մաղթել։ Չնայած որ տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, բոլորիս համար նաև դժվարություններ են եղել, բայց հուսով եմ, որ կկարողանանք երեխաների համար փոքրիկ կամ մի քիչ ավելի մեծ տոնի վերածել այս ամենը, որովհետև տոնն իր մեջ կախարդանք ունի, և կուզենամ, որ այդ կախարդանքը երեխաներն զգան, հաճելի, համատեղ ընտանեկան պահեր ունենան, որովհետև դրանք հիշողություններ են ողջ կյանքի համար։

Է․ Արզիևա — Ես էլ եմ ուզում շնորհավորել գալիք տոները և ցանկանալ, որ մայրիկներն այս տարի մի փոքր ավելի քիչ մեղքի զգացում ունենան, որովհետև այդ մեղքի զգացումն իսկապես կեղեքող կարող է լինել։ Ուղղակի թող հիշեն, որ իրենք ամենալավն են ճանաչում իրենց փոքրիկներին։

Ս․ Բարսեղյան — Գիտեմ՝ հիմա մայրիկները եռուզեռի մեջ են, ուտելիք պատրաստելու խառնաշփոթի մեջ են։ Խորհուրդ կտամ ավելի շատ կենտրոնանան երեխայի հետ փոխհարաբերություններին, քան ուտելիքներ պատրաստելուն և պատրաստածով էլ երեխաներին կերակրելուն, որովհետև տոներին ավելի կարևոր են հարաբերություններն ու տոնական միջավայրը, քան լի սեղանները կամ երեխայի կերած ավել կամ պակաս կտորները։

Ցուցադրել ավելի
Back to top button