Օրացույցը հուշում է, որ դկտեմբերի 28-ը Կինոյի միջազգային օրն է՝ մասնագիտական տոն բոլոր կինեմատոգրաֆիստների համար և պարզապես տոն բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կինոն․․․
1895 թվականի դեկտեմբերի28–ին Փարիզի «Գրանդ կաֆե» սրճարանի նկուղում ֆրանսիացի Լյումիեր եղբայրները ցուցադրեցին առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան»:
Սա առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց հանրությանը գումարի դիմաց, իսկ թե ինչ ցնցում ապրեց այդ հանրությունը րոպեների ընթացքում, դժվար է պատկերացնել։ Երբ էկրանին հայտնվեց գնացքը, որը ժամանում էր կայարան, կինոդիտման մասնակիցները վեր կացան ու խուճապահար վազեցին դահլիճից դուրս` կարծելով, որ գնացքն իրենց վրա է ընթանում:
Մի շտապեք ծիծաղել միամիտ կինոդիտողների վրա։ Նրանք դեռ չգիտեին՝ ի՞նչ է կինոն, իսկ ի՞նչ կասեք մեր մասին։ Գիտենք ոչ մի գնացք ու ոչ մի հրեշ ու ոչ մի սարասափելի կերպար չի կարող էկրանից այս կողմ գալ, բայց մեկ–մեկ լավ էլ սարսափում ենք ինչ-որ ֆիլմերից, հուզվում, ծիծաղում ու լաց ենք լինում հերոսների համար, որովհետև կինոն մարդկանց հոգու և մտքի հետ խոսելու շատ մեծ ուժ ունի։
Համաձայնեք, որ Նոր տարվա տոնի անբաժանելի մաս է սիրելի ֆիլմեր դիտելու հնարավորությունը․․․
Ինչպես կան սիրելի ֆիլմեր, որոնք կարող ենք դիտել մեկից ավելի անգամ, այդպես էլ գրքեր կան, որոնք կարող ենք նորից ու նորից կարդալ կամ թերթել կամ սիրելի հատվածները վերընթերցել։ Այդպիսի մի փոքրիկ պատմվածք կա, որը կարելի է կարդալ հենց Նոր տարվա ու սուրբծննդյան տոնի օրերին։ Ոնց որ «Տանը մենակ» ֆիլմն է տոնի զգացողությունը փոխանցում, այդպես էլ այդ փոքրիկ պատմվածքը, որը ուրախ չես անվանի, բայց այնքա՜ն շատ տոն կա մեջը։ Օ`Հենրիի «Մոգերի ընծաները» պատմվածքի մասին է խոսքը, որը եթե չեք կարդացել, կարդացեք անպայման։
Պատմվածքը երիտասարդ ամուսինների՝ Դելայի և Ջիմի մասին է, որոնք աղքատ են, բայց խենթի պես սիրում են իրար։ Երեք գանձ ունեն նրանք․ այդ մեծ սերը, Դելայի հրաշալի, երկար վարսերը և Ջիմի ոսկե ժամացույցը։
Ջիմն իր աշխատանքով հազիվ է կարողանում հոգալ իրենց ամենապարզ կենցաղի կարիքները։ Դելան ողջ տարվա ընթացքում ցենտ առ ցենտ խնայելով՝ փոքրիկ գումար է հավաքել սուրբծննդյան նվեր գնելու համար։ Բայց հավաքած գումարը շատ քիչ է։
Դելան կանգ է առնում ցուցանակի մոտ, որի վրա գրված է. «Զանազան իրերի պատրաստում մազերից»: 20 դոլարով նա վաճառում է իր գանձը և գնում է Ջիմի համար ժամացույցի պլատինե շղթա: Երեկոյան Ջիմը գալիս է տուն և, տեսնելով Դելայի կարճ կտրած մազերը, կանգնում է քարացած։ Չէ, խնդիրն այն չէ, որ Դելային կարճ սանրվածքը չի սազում․ պարզապես Ջիմը գրավ էր դրել իր գանձը՝ ժամացույցը, Դելայի թաքուն երազանքի առարկան՝ կրիայի պատյանից պատրաստված ու թանկարժեք քարերով զարդարված սանրերը գնելու համար:
«Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ։ Հենց նրանք էլ ավանդույթ դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին. թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով։ Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը։ Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են»,– այսպես է ավարտվում պատմվածքը։