Զարթուցիչ

Մենք որոշել ենք տարին սկսել նոր ուժերով, դո՜ւ էլ միացիր․ Զարթուցիչ

Եթե մեզ հարցնեն, թե ինչն է ձմռանն ամենից դժվար, մենք կպատասխանենք՝ Ամանորից հետո առօրյա գործերին վերադառնալը։ Եկեք մի պահ պատկերացնենք ․․․ արթնանում ենք՝ երբ ինքներս ենք ուզում, ամբողջ օրը տանն ենք ու ամանորի ֆիլմեր ենք դիտում, մի խոսքով՝ մի լավ հանգստանում ենք, ու, մեկ էլ, գալիս է հին ռեժիմին վերադառնալու ժամանակը։ 

Դե հա, այդքան կտրուկ անցում կատարելը  հեշտ չի։ Ուստի՝ այսօր կիմանանք, թե ինչպես վերադառնալ առօրյա ռեժիմին և սկսել նոր ուսումնական տարին։ 

Ամանորից հետո առաջին ամենադժվար փորձությունը, որը մեզ սպասում է, շուտ արթնանալն է։ Ասում են՝ արագ արթնանալու համար ցանկալի է հետևել այս երեք խորհրդին․ արթնանալուն պես միացնել լույսը (անկախ սենյակի լուսավորությունից), երբեք չանտեսել նախաճաշը (եթե առավոտյան չենք նախաճաշում, ուրեմն՝ այն կարող է լինել որևէ սիրելի միրգ) և վերջում՝ սովորեցնում ենք մեզ առավոտյան մի երկու նախավարժանքի։ 

Ամանորից հետո միայն ուշ արթնանալը չէ, որ մեզ անհանգստացնում է։ Մի տեսակ ծույլ ենք դառնում, կարծես, ոչինչ չենք ուզում անել։ Այս իրավիճակից դուրս գալու համար ևս լուծում ենք բերել։ Թարմանալու ու տարին նոր ուժերով սկսելու համար վերցնում ենք թուղթ ու գրիչ, մի բաժակ տաք թեյ և սկսում ենք գրել։ Գրում ենք, թե այս տարի ինչ անելիքներ ու նպատակներ ունենք։ Եվ, որ ամենակարևորն է, ինչպիսի՞ն ենք պատկերացնում 2024 թվականը։ Երբ կենտրոնանանք ու հստակեցնենք մեր՝ այս տարվա ծրագրերը, ալարկոտությունը կնահանջի, ու մեզ ավելի աշխույժ ու ոգեշնչված կզգանք։ 

Իսկ դուք գիտե՞իք, որ ամենօրյա ընդամենը 5 րոպե ընթերացանությունը ևս կարող է օգնել դուրս գալ տոնական տրամադրությունից և վերադառնալ կանոնավոր ռեժիմին։ Ամեն օր փորձեք ընթերցել ձեր սիրելի գրքից 1-2 էջ, այնուհետև՝ ավելացրեք էջի քանակները։ Այդպես դուք չեք էլ զգա, թե ինչպես կարողացաք ընկնել հունի մեջ։ 

Գրքի նույն սկզբունքով կարող եք անել նաև դպրոցում հանձնարարված դասերը։ Նախ այդպես կկարողանաք թեթևացնել դասերի ծանրաբեռնվածությունը, ձեզ կպատրաստեք սկսվող դասերին, դե իսկ տոներին հրաժեշտ տալն այնքան էլ տխուր չի լինի։ 

Ինչպես արդեն գիտենք, որպեսզի դպրոց վերադառնալը հեշտ լինի, պետք է նախապես մարզենք մեզ։ Տանը սկսենք հանձնարարություններ անել, կամ, եթե դրանք չկան, ուրեմն՝ ինքնուրույն որոշենք, թե ի՞նչ կարելի է անել ու ո՞ր առարկայի վրա կարելի է կենտրոնանալ։

Սկսեք փոքր առաջադրանքներից, այնուհետև՝ մեծացրեք թե՛ այդ առաջադրանքների ծավալը և թե՛ բարդության աստիճանը։ Իհարկե, չմոռանաք կարճ ընդմիջումների մասին, հակառակ դեպքում՝ տարին դեռ չսկսված՝ արդեն կհոգնեք։ 

Ի դեպ՝ քանի որ խոսեցինք ընդմիջումների մասին, մի շատ լավ առաջարկ ունենք, որը ձեզ հաստատ դուր կգա։ Եկեք չմոռանանք ու ժամանակ առ ժամանակ ինքներս մեզ համար  «բեռնաթափման օր» ընտրենք, շատերիս հայտնի՝ «ծուլության օրը»։ 

Սա նշանակում է, որ կարող ենք մի ամբողջ օր ոչինչ չանել։ Ուղղակի նստել ու հանգստանալ։ Դա կօգնի մեր ուղեղին թարմանալ, նոր ռեսուրսներ հավաքել ու պատրաստվել ողջ շաբաթվա գործերին։ Միայն թե, փորձեք դասերը կիսատ չթողնել․ չենք կարծում, թե մայրիկներին հեշտ կլինի բացատրել, որ մեզ մոտ «բեռնաթափման կամ ծուլության օր է»։ 

Եվ վերջում՝ ողջ տարին աշխույժ ու ոգեշնչված մնալու համար ցանկալի է հաջողությունների կամ ձեռքբերումների համար փոքրիկ նվերներ ունենալ։ Կարող եք համաձայնության գալ մայրիկի կամ հայրիկի հետ։ Եթե լավ գնահատական եք ստացել կամ այդ շաբաթ միայն բարձր գնահատականներ ունեք, ուրեմն՝ պետք է ստանաք փոքրիկ նվեր կամ որևէ համեղ ուտեստ։ 

Նաև չմոռանաք ընտանեկան հավաքույթների ու միասին ժամանակ անցկացնելու մասին։ Ընտանիքի հետ քաղաքի սրտում սովորական զբոսանքը կարող է լիցքավորել մեծ էներգիայով։ Այսպես մենք կհամոզվենք, որ միայն Ամանորին չէ, որ ընտանիքը կարողանում է միասին ժամանակ անցկացնել։ Ողջ տարին մենք կարող ենք կազմակերպել ընտանեկան հավաքներ ու ստեղծել ջերմ հիշողություններ։

Ցուցադրել ավելի
Back to top button