Զարթուցիչ

Արձակուրդից հետո դասերը բա՞րդ են թվում․ մենք փոքրիկ ուղեցույց ունենք

Արդեն մեկ շաբաթ է, ինչ դասերն սկսվել են։ Հասցրե՞լ եք վերադառնալ ուսումնական առօրյային։

Դե, արձակուրդից հետո, դպրոց վերադառնալը մեզ մոտ երկու զգացողություն առաջացրեց՝ սկզբում ոգևորություն, քանի որ դպրոցում գրեթե ամեն օր տեսնում ենք ընկերներին ու այդպես օրն ավելի հետաքրքիր է անցնում, բայց նաև զգում ենք, որ դաս սովորելն ավելի բարդ է դարձել, քան՝ արձակուրդից առաջ էր։

Վաղ արթնանալու ու դասերից չուշանալու համար նախ պետք է սահմանել քնի ռեժիմ։ Այսինքն՝ ամեն օր քնել ու արթնանալ՝ նույն ժամին։ Ոչինչ էլ չի լինի, եթե ընտանիքի հետ հետաքրքիր թեմաների քննարկումներն ու զրույցները մի օրով հետաձգենք։ Շուտ քնելը դրական է ազդում մեր ուղեղի աշխատանքի վրա։ Ընդ որում՝ լավ կլիներ, որ քնելուց առնվազն մեկ ժամ առաջ հեռախոսն ու այլ տեխնիկաները մի կողմ դնենք։

Դե, ինչպես ասում են, եթե ուզում ենք տաքանալ՝ առանց վնասվելու, ուրեմն՝ անմիջապես կրակի մեջ ցատկել չի կարելի։ Նույն սկզբունքը նաև դպրոց վերադառնալու դեպքում է։ Անմիջապես դասերի մեջ սուզվելն ու ինքներս մեզ դասերով ծանրաբեռնելն այնքան էլ լավ միտք չէ։ Փոխարենը՝ որևէ դաս սովորելուց կամ առաջադրանքն անելուց հետո՝ կարճ ընդմիջումներ արեք։ 

Դպրոց վերադառնալու ու արդյունավետորեն հունի մեջ ընկնելու համար կարևոր է նաև կենտրոնացումը։ Եթե հեռախոսից ստացվող ամեն մի հաղորդագրության ձայնը լսելիս ձեր ուշադրությունը շեղում եք դասից, ուրեմն՝ մեծ է հավանակությունը, որ կարճ առաջադրանքը կկատարեք ավելի երկար ժամանակահատվածում, օրինակ՝ տասը րոպեանոց վարժությունը կլուծեք  մոտ 20-ից 30 րոպեում։ 

Դե, եթե դժվարանում եք վերադառնալ դասերին, էլ չասենք՝ առավոտյան շուտ արթնանալու ու երեկոյան դասերը սովորելու մասին, ուրեմն՝ ձեզ մի փոքրիկ խորհուրդ ունենք․ ընդամենը՝ մայրիկին կամ հայրիկին պատմեք ձեր զգացողությունները։ Գուցե զարմանալի թվա ձեզ, բայց նրանք էլ  արձակուրդից հետո դժվարությամբ են արթնանում, ու աշխատանքային պարտականությունները կատարելը նրանց համար էլ իսկական փորձություն է։ Դե, մենք էլ  ունենք պարտականություններ, որոնցից կարևորը սովորելն է։ Համոզված եմ, որ այդ զրույցից հետո կզգաք, որ որևէ բան փոխվում է, օրինակ՝ կսկսեք որոշ հարցերի ըմբռնումով մոտենալ։ 

Ի դեպ՝ խոսեցինք շուտ արթնանալու մասին, ու ուզում ենք մի հնարքի մասին էլ պատմել, որը օգնում է ոչ միայն շուտ արթնանալ, այլ նաև՝ հավելյալ ժամանակ շահել ու ո՛չ շտապել, ոչ՛ էլ՝ ուշանալ։ Ֆրանսիացիները մի շատ լավ սովորություն ունեն․ զարթուցիչը կարգավորում են այնպես, որ այն արթնացնի իրական արթնանալու ժամից մոտ տասը րոպե շուտ։ Սկզբում՝ երբ մեզ զարթուցիչը մի փոքր շուտ արթնացնի, առաջին բանը, որ կմտածենք՝ ի՜նչ լավ կլիներ, որ մի քիչ էլ քնեինք, բայց ժամանակի ընթացքում կհասկանանք, թե ի՜նչ լավ է, որ նախատեսվածից շուտ արթնանալու սովորությունն ի վերջո ձևավորեցինք։

Ժամանակ առ ժամանակ անորոշությունը սիրում է մեզ անհանգստացնել։ Հատկապես, երբ դեռ նոր ենք սկսում դասերը ու դեռ նոր ենք ընկնում հունի մեջ, կարող ենք շփոթվածություն զգալ։ Լուծումը շատ պարզ է։ Ընդամենը կազմեք գործողությունների ծրագիր։ Երբ հստակ տեսնեք անելիքների ցուցակը, շփոթվածություն չեք զգա:

Ցուցադրել ավելի
Back to top button