Այսօր աշխարհում նշվում է Երեխաների հայտնագործությունների միջազգային օրը։ Այն նվիրված է աշխարհի բոլոր պատանի գյուտարարներին, որոնք տարբեր ժամանակներում հանդես են եկել հետաքրքիր գյուտերով ու նոր հայտնագործություններով։
Օրինակ գիտե՞ք, որ շատ տարիներ առաջ՝ 1926 թվականին Բեննի Բենսոն անունով 13-ամյա մի տղա որոշեց մասնակցել Ալյասկայի դրոշի մրցույթին և ուղարկեց իր տարբերակը։ Նա իր էսքիզում պատկերեց երկինքը խորհրդանշող կապույտ գույնը, Մեծ արջի համաստեղությունն ու Հյուսիսային աստղը։ Ինչ եք կարծում հաղթե՞ց։ Այո։ Ավելին ասենք․ Բենիի հայտնագործությունը մինչև այժմ Ալյասկայի խորհրդանիշերի շարքում է:
Իսկ շատերիս կողմից սիրված խաղը՝ բատուտը, որի մեջ կարող ենք ազատ ու անվտանգ թռչկոտել, նույնպես հատնագործել է մի տղա` Ջորջ անունով։ Նա հետևելով մարմնամարզիկներին, նկատել էր, որ նրանք ցատկում են անվտանգությունն ապահովող մի ցանցի վրա: Եվ ահա աշխատացնելով երևակայությունը, Ջորջն աշխարհին ներկայացրեց բատուտի միտքը։
Շարունակելով երեխաների կողմից արված հայտագործությունների շարքը, ասենք, որ մորթյա ականջակալները, ջրային դահուկները, մրգային պաղպաղակները և Բրայլյան այբուբենը նույնպես ստեղծվել են երեխաների կողմից: Իսկ գիտեք՞, թե ինչու է հենց հունվարի 17-ին նշվում այս օրը։ Որովհետև այսօր ամերիկացի քաղաքական գործիչ, գիտնական և գյուտարար, Բենջամին Ֆրանկլինի ծննդյան օրն է։ Պատանեկան տարիքում նա հայտնագործել է լողաթևերը՝ դարձնելով լողալն ավելի հեշտ ու անվտանգ։ Ահա այն ամենն ինչ պետք է իմանանք այս օրվա մասին։ Իհարկե չմոռանալով շնորհավորել պատանի գյուտարարներին։
Ի դեպ, մենք սիրով կծանոթանանք ձեզ հետ, եթե դուք կապ հաստատեք մեզ հետ ու պատմեք ձեր գյուտերի ու հայտնագործությունների մասին։ Գուցե ձեզնից ինչ որ մեկը համակարգչային մի նոր խաղ է ստեղծել, կամ էլ նոր բաղադրատոմս է մտածել։
Ու մինչ դուք կարձագանքեք, մենք «Զարթուցիչ»-ի հյուրասրահում կծանոթանանք «Այբ» դպրոցի աշակերտուհիներ Մարիաննայի, Անժելայի և Սոֆյայի հետ, ովքեր դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակներում բնապահպանական նախագծեր են մշակել ու կպատմեն դրանց մասին։