Լուրեր

Ավարտվել է ֆիլհարմոնիկ նվագախմբի մեծ շրջագայությունը Չինաստանում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, վերադարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած մեծ շրջագայությունից: Նվագախումբը 9 համերգով հանդես է եկել Չինաստանի հեղինակավոր համերգասրահներում, որոնցից 6 համերգի տոմսերն ամբողջովին սպառված էին:

Շրջագայությունը կայացել է «Armstrong Poly» երաժշտական գործակալության հրավերով, որը Չինաստանում ծավալում է իր գործունեությունը պետական հովանու ներքո և հանդիսանում է Չինաստանի լավագույն համերգասրահներում ամենանշանակալի համերգների կազմակերպիչը:

Համերգային ծրագրերում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի, Չայկովսկու, Յոհան Շտրաուսի, Բրամսի, Էնդրյու Ուեբբ-Միտչելի, Ռոսինիի, Պուչինիի, Բիզեի ստեղծագործությունները: Ազգային ֆիլհարմոնիկի հետ հանդես են եկել իռլանդացի անվանի դաշնակահար Բարրի Դուգլասը, չինացի ջութակահար Ռեյ Չժանը, չինացի սոպրանո Կոնստանս Սյուեն և Չուհայ քաղաքի Մանկական դասական երգչախումբը (Zhuhai Classical Children’s Choir):

Համերգները մեծ ոգևորությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից և զգալի հանրային արձագանք են ստացել: Համերգներին նախորդել են նշանակալի գովազդային արշավներ, բոլոր քաղաքներում ամենուր կարելի էր հանդիպել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի պաստառները: Այս շրջագայությունը մեծ իրադարձություն էր, որը Չինաստանում զգալի կերպով բարձրացրել է Հայաստանի ճանաչելիությունը և ամրապնդել հայ-չինական մշակութային կապերը:

Ցուցադրել ավելի
Back to top button