Եթե առանց գրքի և ընթերցանության չեք պատկերացնում ձեր կյանքը, ուրեմն գրախանութներն ու գրադարանը ձեզ համար սիրելի վայրեր են, նոր գրքերի փնտրտուքն էլ՝ սիրելի զբաղմունք։
Բայց երբեք չարժե մոռանալ բոլոր այն հեղինակներին ու այն գրքերը, որոնք մեզ առաջնորդեցին գրքերի աշխարհ։
Աշխարհի շատ ու շատ երեխաների համար այդպիսի հեղինակ է Ալան Ալեքսանդր Միլնը և այդպիսի գիրք՝ նրա «Վինիի Թուխը և բոլոր բոլորը» հեքիաթը։ ժպտացիք, որովհետև դուք աշխարհի հենց այդ երեխաների շարքու՞մ եք․․․ Շատերիս գրասեղանի անկյունում՝ մեր սիրելի բոլոր գրքերի շարքում կանաչանարնջագույն շապիկով հենց այդ գիրքն է՝ «Վիննի Թուխը և բոլոր-բոլորը», և չենք պատրաստվում նրան մեր մանկության մյուս գրքերի հետ թաքցնել գրապահարանի ներքևի դարակում։ Թող մնա այստեղ ու ժամանակ առ ժամանակ հիշեցնի մեզ, թե ի՜նչ հաճույք էր Քրիստոֆեր Ռոբինի և Վիննիի հետ ծանոթությունը։
Իսկ մենք օրացույցի այսօրվա հիշեցումը հաճույքով կօգտագործենք թե՛ Միլնի, թե՛ Վիննիի մասին ևս մեկ անգամ հիշելու համար։ Օրացույցը հուշում է, որ այսօր անգլիացի գրող, հեքիաթագիր, բանաստեղծ Ալան Ալեքսանդր Միլնի ծննդյան օրն է։
Ալան Ալեքսանդր Միլնը ծնվել է 1882 թվականի հունվարի 18-ին Լոնդոնում։ Գրող դառնալ երազել է փոքր տարիքից։ Սովորել է հորը պատկանող մասնավոր դպրոցում, ապա ավարտել է Քեմբրիջի Թրինիթի քոլեջը՝ մաթեմատիկայի բակալավրի աստիճան ստանալով։
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին որպես բրիտանական բանակի սպա, իսկ հետո երկար տարիներ աշխատել է անգլիական երգիծական Punch ամսագրի խմբագրությունում։
Միլնը գրում էր պատմվածքներ, ոտանավորներ, որոնք բավականին հայտնի էին։ Բայց արի ու տես, որ նրան համաշխարհային հռչակ բերեցին արջուկ Վիննի Թուխի մասին հեքիաթները, որոնք նա սկսեց հորինել իր միակ որդու՝ Քրիստոֆեր Ռոբինի համար՝ հենց այնպես, որպես գիշերվա քնից առաջ պատմվող հեքիաթներ։ Հեքիաթների հերոսներն էլ տղան ու իր խաղալիքներն էին՝ արջուկ Վիննին, անպոչ իշուկը, խոզուկը, վագրը և մյուսները։
Ի դեպ, Վիննի արջուկն իր անունն ստացել էր Լոնդոնի կենդանաբանական այգում ապրող Վիննիպեգ անունով սև արջից, որին շատ սիրում էր այցելել Քրիստոֆերը, և որի անունով ընտանիքն անվանակոչեց Քրիստոֆերի սիրելի խաղալիք արջուկը։
Վիննի Թուխի մասին առաջին գիրքը վաճառքի մեջ մտավ 1926 թվականին։ Շատ շուտով այն թարգմանվեց 12 լեզվով, վաճառվեց 15 միլիոն օրինակով, դարձավ ամենավաճառված գրքերից մեկը և ստվերեց հեղինակի մյուս բոլոր գործերի հռչակը։
Դե, իսկ նոր գրքերի փնտրտուքի մեջ կարելի է կանգ առնել նաև հենց Ալան Ալեքսանդր Միլնի մյուս ստեղծագործությունների վրա։ Մեզ, օրինակ, շատ հետաքրքրեց այս մեկը՝ «Կարմիր տան գաղտնիքը»․ խորհրդավոր վերնագիր է։