Առաջարկում ենք առավոտյան ձեր վազքի մեջ մեկ պահ կանգ առնել և պատասխանել հետևյալ հարցին․ որքա՞ն հաճախ են ձեր ընտանիքում օգտագործվում ժողովրդական առածներն ու ասացվածքները։ Եվ որո՞նք են ամենից հաճախ օգտագործվում։
«Քանի որ ինչ-որ որոշում կայացնելիս կամ կարծիք հայտնելիս շատ երկար չեմ մտածում, մայրիկս ինձ հաճախ է ասում՝ յոթ չափիր, մեկ կտրիր․․․կամ, հատկապես եթե սենյակս երկար ժամանակ կարգի չեմ բերում, ասում եմ՝ վաղը կանեմ ու շատ գործ է հավաքվում, ասում է՝ այսօրվա գործը վաղվան չեն թողնի․․․»
Մեր ուսուցչուհու շնորհիվ փոքրիկ մի բացահայտում ենք արել օրերս, որի մասին ուզում ենք ձեզ էլ պատմել։
Հայ գրականության դասին առածների և ասացվածքների մասին էինք խոսում, փորձում էինք հիշել այն ասացվածքները կամ առածները, որոնք լսել ենք տատիկներից ու պապիկներից, մեր ծնողներից կամ պարզապես լսել ենք, կարդացել ենք ու գիտենք, և մեր ուսուցչուհին առաջարկեց քննարկում սկսել այն մասին, թե մեզ ծանոթ օրինակների այսօրվա ընկալումներում փոփոխություններ կա՞ն, թե՞ ոչ։
Ե՞վ․․․ Ի՞նչ փոփոխություն կարող է լինել։ «Այսօրվա գործը վաղվան մի՛ թող» ասացվածքում, օրինակ, ի՞նչ ուրիշ ընկալում կարող է լինել կամ այդ նույն՝ «յոթ չափիր՝ մեկ կտրիր» ասացվածքում կամ ուրիշի համար փոս փորողի մասին հայտնի ասացվածքում։
Իսկ ի՞նչ կասեք մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնելու մասին։ Այն, էլի, որ ասում են՝ մեկ ձեռքով երկու ձմերուկ չես բռնի կամ որ նույնն է՝ երկու նապաստակի հետևից վազողը ոչ մեկին էլ չի հասնի։
Նապաստակի հետևից չի հասնի, բայց չէ՞ որ այստեղ խոսքը միաժամանակ մի քանի գործ նախաձեռնելու մասին է։ Եվ հենց այստեղ է, որ բացահայտում արեցինք։
Մեզնից ամեն մեկն էլ դպրոցից ու դասերից դուրս ինչ-որ բանով զբաղվում է․ նկարչություն, սպորտ, ռոբոտաշինություն, ԹՈՒՄՈ սան ենք շատերս․․․Շատերս էլ մի քանի խմբակ ենք հաճախում։ Լա՞վ է, թե՞ վատ։ Իհարկե լավ է։ Եթե հետաքրքրված ենք միաժամանակ մի քանի բանով և հասցնում ենք, լավ է։
Կամ, կան մարդիկ, որոնք ոչ թե մեկ , այլ մի քանի մասնագիտություն են ձեռք բերում․ լա՞վ է, թե՞ վատ։
Երբ ժամանակին Անգլիայի թագուհին կարդաց «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը, այնպես հիացավ ու ոգևորվեց, որ խնդրեց իր մոտ բերել այդ գրողի բոլոր գրքերը։ Եվ նրան տվեցին մաթեմատիկայի վերաբերյալ աշխատություններ, որոնց հեղինակը մաթեմատիկայի պրոֆեսոր Չարլզ Լյուդվիգ Դոջսոնն էր, որն այսօր աշխարհին հայտնի է հենց իր հեքիաթով և հայտնի է որպես Լյուիս Քերոլ։ Ստացվում է, որ նա մեկ ձեռքով երկու ձմերուկ էր բռնել կամ վազել էր երկու նապաստակի հետևից։ Ու ինչ լավ է, որ այդպես էր արել, այլապես մենք այսօր մեր սիրելի հեքիաթների շարքում չէինք ունենա «Ալիսը հրաշքների աշխարհումը»։
Եվ, իհարկե, այդպիսի շատ ուրիշ պատմություններ էլ կան, երբ մարդը հաջողության է հասնում ոչ միայն մեկ ոլորտում, այլ՝ բազմաթիվ։ Այսինքն՝ կարողանում է մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնել և երկու նապաստակներից երկուսն էլ բռնում է մեծ հաջողությամբ։
Լավ բացահայտում էր և քննարկման հետաքրքրիր թեմա։ Դու՛ք էլ, տղանե՛ր ու աղջիկնե՛ր, փորձե՛ք հիշել, թե ինչ ասացվածքներ ու առածներ գիտեք, որոնց այսօրվա ընկալումներում հնարավոր է փոփոխություններ լինեն կամ որոնց հետ համաձայն չեք։