Լուրեր

Երվանդ Քոչարի տարածանկարը ցուցադրվում է Փարիզի Պիկասոյի թանգարանում

Երվանդ Քոչարի 1934 թվականին ստեղծած տարածանկարը ներկայացված է Փարիզի Պիկասոյի թանգարանի “Dans l’appartement de Léonce Rosenberg: De Chirico, Ernst, Léger, Picabia…” ցուցադրությանը: Այն նվիրված է կուբիզմի և աբստրակտ արվեստի նշանավոր աջակից, կոլեկցիոներ, 1920-1930-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը:

Լինելով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ՝ Ռոզենբերգը վերափոխել է իր փարիզյան տունը՝ ի պատիվ իր սիրելի արվեստագետների: Այդ բնակարանում, որտեղ ապրում էր կնոջ և դուստրերի հետ, նա յուրաքանչյուր սենյակ ձևավորել է որևէ նկարչի աշխատանքներով: 12 նկարիչներ և քանդակագործներ են արժանացել այդ պատվին․ նրանց ստեղծագործությունները ցուցադրվել են ննջասենյակներում, հյուրասենյակում, ճաշասենյակում։ Այդ աշխատանքները համադրելով նաև կահույքի հետ՝ Լեոնս Ռոզենբերգը ստեղծել է ժանրերի հետաքրքիր խառնուրդ:

Ընտրյալ արվեստագետների շարքում էր նաև Երվանդ Քոչարը. նրա 1934 թ. ստեղծած  տարածանկարը, որն այժմ պատկանում է Փարիզի Պոմպիդու կենտրոնի հավաքածուին,  նույնպես ներառված է այս ցուցադրությունում:

Ցուցահանդեսը բաց է 2024 թ. հունվարի 30-ից մայիսի 19-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button