
Երվանդ Քոչարի 1934 թվականին ստեղծած տարածանկարը ներկայացված է Փարիզի Պիկասոյի թանգարանի “Dans l’appartement de Léonce Rosenberg: De Chirico, Ernst, Léger, Picabia…” ցուցադրությանը: Այն նվիրված է կուբիզմի և աբստրակտ արվեստի նշանավոր աջակից, կոլեկցիոներ, 1920-1930-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը:
Լինելով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ՝ Ռոզենբերգը վերափոխել է իր փարիզյան տունը՝ ի պատիվ իր սիրելի արվեստագետների: Այդ բնակարանում, որտեղ ապրում էր կնոջ և դուստրերի հետ, նա յուրաքանչյուր սենյակ ձևավորել է որևէ նկարչի աշխատանքներով: 12 նկարիչներ և քանդակագործներ են արժանացել այդ պատվին․ նրանց ստեղծագործությունները ցուցադրվել են ննջասենյակներում, հյուրասենյակում, ճաշասենյակում։ Այդ աշխատանքները համադրելով նաև կահույքի հետ՝ Լեոնս Ռոզենբերգը ստեղծել է ժանրերի հետաքրքիր խառնուրդ:
Ընտրյալ արվեստագետների շարքում էր նաև Երվանդ Քոչարը. նրա 1934 թ. ստեղծած տարածանկարը, որն այժմ պատկանում է Փարիզի Պոմպիդու կենտրոնի հավաքածուին, նույնպես ներառված է այս ցուցադրությունում:
Ցուցահանդեսը բաց է 2024 թ. հունվարի 30-ից մայիսի 19-ը:

