Զարթուցիչ

Գրքի տոնը Լ.Շանթի անվան դպրոցում և Առինջի Մշակույթի տանը

Մեր ավագ գործընկերներ՝ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լրագրության բաժնի 3–րդ կուրսի ուսանող Դավիթ Բաղրամյանը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4–րդ կուրսի ուսանողուհի Օֆելյա Հարությունյանը, որոնք իրենց ուսումնական պրակտիկան են անցկացնում Ռադիո Արևիկում, Ամենայն հայոց բանաստեղծին և Գիրք նվիրելու օրվան նվիրված երկու միջոցառման են մասնակցել և որոշել են մեզ էլ պատմել դրանց մասին։

Դավիթ — Շատ ժամանակ չի անցել այն օրերից, երբ ես էլ դպրոցական էի և որպես դպրոցական էի մասնակցում փետրվարի 19-ին նվիրված միջոցառումներին։ Այս փետրվարի 19-ը մի քիչ անսովոր և ինչ–որ առումով հուզիչ էր ինձ համար, որովհետև այդ օրը հայտնվել էի այն դպրոցում, որտեղ սովորել եմ՝ Երևանի Լ․ Շանթի անվան դպրոցում որպես ուսանող և ապագա լրագրող՝ լուսաբանելու իմ հարազատ կրթօջախում տեղի ունեցողը։

Իսկ այստեղ՝ իմ դպրոցում, գրքի մեծարման, արժևորման, գրքի հանդեպ ակնածանք սերմանելու մեծ տոն էր։ 

Իմ առաջին զրուցակիցը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Հովհաննիսյանն է։

«Մենք գիտենք, որ Թումանյանն ինքը անձամբ գրքեր նվիրել չի սիրել, որովհետև շատ մեծ դժվարությամբ է ձեռք բերել իր այդ մեծ հարստությունը՝ գրքերը, և երբ տարել և հետ չեն վերադարձրել, նա էլ ավելի խնամքով է վարվել իր գրքերի հետ՝ փակելով իր գրապահարանի ապակյա ծածկույթը, որպեսզի իր գրքերը անտես մնան հյուրերի աչքից և հրաժարվել է այդուհետ որևէ գիրք տալ մեկ ուրիշին՝ ընթերցելու համար» — ասում է տիկին Հովհաննիսյանը:

Դավիթ–Իհարկե, բոլորս գիտենք այս մասին, բայց նաև իհարկե, զարմանալի չէ, որ հենց Թումանյանի ծննդյան օրն ենք միմյանց գրքեր նվիրում, որովհետև ով ավելի, քան Թումանյանը գիտեր գրքի արժեքը…

4-րդ դասարանցիները իրար գիրք նվիրելու մի քիչ անսովոր տարբերակ էին ընտրել․ տուփի մեջ քարտեր էին՝ իրենց անուններով։ Քաշում ես քարտը և պարզ է դառնում, թե ում ես նվիրելու քո պատրաստած նվեր–գիրքը։ 

Դե, իհարկե, բոլորի աչքերը մատնում էին մեծ հետաքրքրությունը՝ տեսնես ի՞նչ գիրք կստանամ։

Լավ օր էր իմ հարազատ դպրոցում՝ գրքի օր, և ես շատ ուրախ եմ, որ ներկա գտնվեցի այս տոնին։

Օֆելյա – Ես էլ ուզում եմ պատմել այն մասին, թե ինչպես նշվեց փետրվարի 19-ը Առինջ համայնքի Մշակույթի տանը։ 

Այս օրվան նախապատրաստվել էին Մշակույթի տան գրադարանի լավագույն ընթերցող երեխաները և մշակույթի տան դերասանական խմբակի սաները:

Հովհաննես Թումանյանի «Խելոքն ու հիմարը» հեքիաթն են բեմադրել։ 

Լավ բեմադրություն էր, ուրախ ու նոր լուծումներով։ Այս բեմադրությամբ մասնակիցները հավաքվածներին ներկայացրին 1900-ականների կոլորիտը, մշակույթը, կերպարներ:

Հրաշալի օր էր Առինջի մշակույթի տանը, և ես որոշեցի, որ դարձյալ կգամ այստեղ՝ հետաքրքիր հանդիպումներ ունենալու։

Ցուցադրել ավելի
Back to top button