Զարթուցիչ

«Դիզակ արտ»․ խորհրդանիշը՝ Կատարոն

Բոլորիդ հրավիրում ենք «Զարթուցիչի» հյուրասրահ՝ ծանոթանալու մեր հյուրերի՝ «Դիզակ արտ» մշակութային կենտրոնի Աբովյանի մասնաճյուղի ղեկավար Գայանե Բուդաղյանի և կենտրոնի սաներից Սերգեյի, Նարեի, Էդուարդի, Կարինեի և Աննայի հետ։

Բայց մինչև նրանց հետ ծանոթությունը, նախ ներկայացնենք փոքրիկ մի տեղեկություն «Դիզակ արտի» մասին բոլոր նրանց համար, ովքեր նոր են լսում կենտրոնի մասին։

Այս կենտրոնի ստեղծման գաղափարը ծնվել է 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո, ինչպես Գայանե Բուդաղյանն է ասում՝ ինքնաբուխ։

Կենտրոնը կարճ ժամանակում իր շուրջն է հավաքել արցախցի երեխաներին, մասնավորապես Հադրութի շրջանի արվեստի դպրոցներում սովորող և իրենց մշակութային կրթությունը կիսատ թողած երեխաներին, որպեսզի նրանք այստեղ շարունակեն իրենց կրթությունը, պահպանեն իրենց բարբառն ու ոչ մի դեպքում չկորցնեն Արցախի մշակույթի հետ կապը։ «Դիզակ արտում» երեխաները միմյանց հետ խոսում են հարազատ բարբառով՝ վայելելով մայրենի բարբառի ամեն հնչյունը։ Ի դեպ, չզարմանաք, որ այսօր մեր հյուրասրահում էլ հենց այդ քաղցր բարբառը լսեք։ 

Մեր հյուրերի հագին սիրուն նախշազարդով վերնաշապիկներ էին։ Թվաց, թե նախշազարդը«Դիզակ արտի» խորհրդանիշն է, բայց պարզվեց, որ այն կենտրոնի սաների համերգային վերնաշապիկների վրա է միայն։ 

Գ․ Բուդաղյան — Սա Մարաշի ասեղնագործությամբ նախշ է, և այդ նախշը վերցված է Հադրութի կարպետից։ Ինչու՞ Մարաշի ասեղնագործությամբ, որովհետև ասեղնագործության դասարանի երեխաներն առաջինը որ սովորել են, հենց Մարաշի ասեղնագործության նախշերն են սովորել։

Իսկ «Դիզակ արտը», այո՛, ունի իր խորհրդանիշը։ Դա Հադրութի շրջանի ամենաբարձր լեռան՝ Դիզափայտի ուրվագիծն է՝ դարձյալ նախշով, որը վերցված է Հադրութի գորգից։ Իսկ Դիզափայտը ոչ միայն Հադրութի ամենաբարձր լեռն է, այլև Արցախի տարածքում սրբավա՛յր ունեցող ամենաբարձր գագաթը։ Այդ սրբավայրը Կատարո վանքն է, որն ուխտատեղի է ամբողջ Արցախի ժողովրդի համար։ 

Ցուցադրել ավելի
Back to top button