Գարնանային շունչն արդեն զգո՞ւմ եք։ Եկել է տարվա մեր ամենասիրելի եղանակը։
Գարունը ոչ միայն ազդարարում է բուսական ու կենդանական աշխարհում գարնան զարթոնքի, այլ նաև՝ է՛լ ավելի ակտիվ կենսակերպի անցնելու մասին։
Ահա, թե ինչու մենք կազմել ենք փոքրիկ ցուցակ, որը մեզ կօգնի հրաժեշտ տալ ձմռանն ու դիմավորել ավելի ջերմ ու տաք օրերը։
Դե ինչ, կարող ենք համարել, որ սառը ու տեղ-տեղ մռայլ օրերը իրենց տեղը զիջում են ավելի արևոտ ու նոր շնչով հագեցած օրերին։ Եկեք պարզենք, թե ինչպե՞ս կարող ենք մեր առօրյան դարձնել նույնքան լուսավոր, ակտիվ ու արդյունավետ։
Սկսենք նրանից, որ ֆիզիկական ակտիվությունը աստիճանաբար պետք է դառնա մեր առօրյայի մի մասը։ Հարմար տարբերակներից է առավոտյան կամ երեկոյան վազքը։
Եթե վազելու սիրահար չենք, ուրեմն՝ ընտրեք քայլելը։
Նախ՝ շարժվելը լավ է անդրադառնում մեր ողջ օրգան-համակարգերի վրա։ Երկրորդ՝ զբոսանքը ուղեղի աշխատանքը թարմացնելու ու մարզելու հիանալի միջոց է: Երրորդ, նույնիսկ մեր տան անմիջական հարևանությամբ մենք կարող ենք գտնել մի քանի հետաքրքիր վայրեր, որոնք նախկինում գուցե չէինք էլ նկատել։
Դուք էլ եք կարծում չէ՞, որ գարնան թարմությունը զգալու համար կարող ենք պարզապես ողջ օրը հայտարարել մաքրության օր։ Ընդ որում՝ այդ մաքրությունը կարող է լինել թե՛ տանը և թե՛ մեր գլխում։ Օրինակ՝ ազատվել ավելորդ իրերից, ինչպես նաև՝ ազատվել ավելորդ մտքերից, որոնք մեր գլխում են։ Սա մեզ կօգնի զգալ ազատություն, թեթևություն ու թարմություն։
Օրվա առողջ ռեժիմ կառուցելը ևս հրաշալի գաղափար է։ Գարնանային նոր ու թարմ շունչը ևս հենց այդ մասին է վկայում։ Գիշերներն սկսում են կրճատվել, օրերը՝ երկարել, իսկ կյանքը՝ աշխուժանալ։ Դե իսկ առավոտյան շուտ արթնանալն ավելի է հեշտանում։ Լավ կլինի, որ օգտագործենք այս պահը, փոխենք մեր առօրյան ու լավացնենք քնի որակը:
Դե, իհարկե, չենք մոռանում նաև դիջիթալ դետոքսի մասին։ Սոցիալական ցանցեր այցելելու դեմ հայտարարենք ժամանակավոր դադար։ Սա հատկապես դժվար կլինի բոլոր նրանց համար, ովքեր քիչ թե շատ զգում են, որ ունեն կախվածություն՝ թվային աշխարհից։ Հիշենք, որ իրական կյանքը գոյություն ունի միայն մեր շուրջը, և այն, ինչ մենք տեսնում ենք սոցիալական ցանցերում, ոչ միշտ է համապատասխանում իրականությանը։ Մարդիկ նախընտրում են ցույց տալ իրենց հաջողությունները, ձեռքբերումներն ու երջանիկ պահերը։
Այդ կատարելության նմանվող, կյանքը իրականում ոչ այլ ինչ է, քանի միայն դրական կտորներից հավաքված փազլ։ Ուստի՝ հավատացած եղեք, որ բոլորն էլ, ինչպես մենք, ունեն լավ ու վատ օրեր։ Իսկ այդ լավ ու վատ օրերը հավասարապես վառ արտահայտված կարող ենք տեսնել միայն իրական կյանքում։ Իսկ դա ավելի հարուստ է ու հետաքրքիր, քան վիրտուալ իրականությունը։ Այնպես որ, փորձենք որոշ ժամանակ մոռանալ Facebook-ում և Instagram-ում ժամերով թափառելու մասին։
Եվ վերջում՝ կերպարվեստ։ Որոշ հետազոտությունների արդյունքները, որոնք չափել են հետազոտությունների մասնակիցների օրգանիզմում արտադրվող կորտիզոլի մակարդակը նկարելուց առաջ և հետո, ցույց են տվել, որ նկարելը հանգստացնում է մարդկանց՝ միևնույն ժամանակ զգալիորեն նվազեցնելով այդ կորտիզոլի մակարդակը, որը մեզ՝ բոլորիս հայտնի սթրեսի հորմոնն է։
Դե, իսկ եթե նկարչության թողած ազդեցությունը դիտարկենք մարդու հոգեբանության վրա, ուրեմն՝ նախ պետք է առանձնացնենք այն, որ նկարչությունը մարդուն տալիս է շատ դրական հույզեր: Ներկերի միջոցով մեր զգացմունքներն արտահայտելու ունակությունը դրականորեն է ազդում մեր հոգեբանության վրա և դարձնում՝ մեզ շրջապատող աշխարհով հետաքրքրված մարդիկ: Գիտնականները, ովքեր ուսումնասիրում են այս հարցը, համաձայնում են այն տեսակետի հետ, որ նկարչությունը հոբբի է, որով կարելի է և պետք է զբաղվել ցանկացած տարիքում: