Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2024»-ին Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի երգն ու տեսահոլովակը:
«Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն»,- նշված է տեսահոլովակին կից հաղորդագրության մեջ:
«Jako» երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակները հենց այս տարվա պատվիրակներն են. խոսքերը գրել են Ժակլինն ու Լուին, իսկ երաժշտության համահեղինակն է նաև Օդրի Լյուկլերը։ Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։ Տեսահոլովակի հագուստների հեղինակներն են Մերի Ստեփանյանը և Աստղիկ Սամվելյանը։
«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: