Ապրիլի 27-ին կմեկնարկի «Աբովյան, իմ պարի քաղաք» պարային փառատոնը, որն իր շուրջն է հավաքում պարարվեստի ներկայացուցիչներին և սիրահարներին։
«Առավել բովանդակալից և լայնածավալ միջոցառումներով ենք հանդես գալու, փորձելու ենք 3 օր շարունակ ապահովել ակտիվ մշակութային կյանք մեր սիրելի Աբովյան քաղաքում»,- նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավար էդգար Կարապետյանը:
Մի քանի տարի է ինչ փառատոնը հատուկ շեշտադրում է անում կրթական հատվածի վրա: Փառատոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով հատկապես մեծ կարևորություն է տրվում վարպետության դասերին, որոնք հատկապես սպասված են պատանիների կողմից. «Ինչպես նախորդ տարի՝ այս տարի ևս փառատոնային օրերից մեկը տրամադրվելու է վարպետության դասերի իրականացմանը: Վարպետության դասերով հանդես կգան Գաբրիել Խուդեդան և Քրիստինա Ավագյանը, երկուսն էլ իրենց ոլորտի առաջատար մասնագետներ են»,- նշում Էդգար Կարապետյանը:
«Այս տարի, միջոցառումները բաշխվել են երեք օրերի միջեւ։ Վարպետության դասեր, ներկայացումներ, քննարկումներ, համերգային ծրագրեր և իհարկե՝ գալա համերգ։ Վստահ ենք, որ մեր աբովյանցիներին կկարողանանք արվեստով և պարային ռիթմով հագեցած օրեր նվիրել»,-նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավարը։
Էդգար Կարապետյանի խոսքով՝ փառատոնի այս տարվա մեծ ձեռքբերումներից են երկու կարևոր ներկայացումների ցուցադրությունները: Ամենամյա փառատոնի շրջանակում կցուցադրվեն՝ «Սին» և «Մետամորֆոզ» պարային ներկայացումները։
Փառատոնն իրականացվում է Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ, այն կամփոփվի ապրիլի 29-ին՝ պարի միջազգայինը օրը: