Ջազ։ Երաժշտություն, որը դրական ազդեցություն է ունենում տրամադրության, հիշողության ու կենտրոնացման վրա։
Ի դեպ՝ ջազն ի հայտ է եկել Միացյալ Նահանգներում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին`որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ։ Ու մինչև օրս էլ այն մնում է երաժշտական արվեստի յուրահատուկ ձև, որը միավորում է տարբեր ռասաներ ու ազգություններ։
Ջազի միջազգային օրը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսը Ջազի միջազգային օրվա հաստատման մասին հայտարարել էր 2011 թվականին։
Ընդունված է համարել, որ ջազը երաժշտական արվեստի յուրահատուկ ձև է, որը միավորում է ամենատարբեր մարդկանց։ Հետևաբար, ջազը միասնության և խաղաղության խորհրդանիշ է։
Դրական ազդեցություններից կարող ենք առանձնացնել նաև այն, որ ջազը կարող է նվազեցնել լարվածությունը մարդկանց, սոցիալական խմբերի և համայնքների միջև, ինչպես նաև՝ կարող է նպաստել գենդերային հավասարությանը:
Կարծում ենք՝ հետաքրքիր կլինի իմանալ նաև, որ «ջազ» բառը առաջին անգամ տպագրվել է 1912 թվականի ապրիլի 2-ին։
Դե, ժամանակն է խոսելու ևս մի քանի հետաքրքիր փաստերի մասին։
Օրինակ՝ ինչո՞ւ չիմանալ, որ այսօր ջազն ունի ավելի քան քառասուն ենթաժանր:
Ի դեպ՝ թեև հստակ ցուցանիշ չկա և դժվար է վիճակագրություն կազմել, բայց շատ երաժիշտներ կարծում են, որ ջազային երաժիշտների և գործիքավորողների ամենամեծ համայնքը գտնվում է Լուիզիանայում։
Սաքսոֆոնը ջազի ամենակարևոր գործիքներից է, բայց քչերին է հայտնի, որ մինչև 1920-ական թվականները այս գործիքը տեղ չուներ ջազային երաժշտության մեջ։ Սաքսոֆոնը նախկինում հայտնի էր որպես բելգիական գործիք, որը նախատեսված էր կամերային և նվագախմբային երաժշտության համար։ Գործիքն առաջին անգամ բերվել է Միացյալ Նահանգներ՝ Բրաուն եղբայրների կողմից, որոնք հայտնի երաժիշտներ էին։